Մարտի 10-ին, ժամը 19.30-ի սահմանում, Գյումրիի Խանջյան փողոցի 31 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում մի քանի կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների ընթացքում պարզվել է, որ մարտի 10-ին, ժամը 19.30-ին,1976 թ. ծնված Տիգրան Փ.-ն «Ֆորդ Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 31 հասցեի դիմաց հարվածել է 1985 թ. ծնված Պատվական Զ.-ի «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև՝ 1964 թ. ծնված Ժորա Գ.-ին պատկանող «ՎԱԶ-210740» մակնիշի ավտոմեքենային, որից հետո շարժվելով առաջ՝ հարվածել է Մհեր Զ.-ի վարած «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում 1990 թ. ծնված Անդրանիկ Ղ.-ն ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 15-ին, ժամը 13.45-ին, Անդրանիկ Ղ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել հանցագործության գործիք «ԱԿՄ» տիպի, առանց խզակոթի ինքնաձիգը` դատարկ պահունակով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Տիգրան Փ.-ն, Պատվական Զ.-ն, Ժորա Գ.-ն, Մհեր Զ.-ն, Անդրանիկ Ղ.-ն ավտոմեքենաներով հանդերձ ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:
Անդրանիկ Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն: