Ռազմական 

ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ. Արման Սաղաթելյան

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»` առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:


«Հայաստանի Հանրապետությունը ևս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ է ստեղծում կողմերի համար, որոնք անհրաժեշտ է հարգել: Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստիև Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, և պարտադիր չէ մարդկային կյանքերի գնով ժամանակ առ ժամանակ վերաընկալել այս ճշմարտությունը: Հայաստանի Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին և կառուցողական ոգով պատրաստ է մասնակցելու այդ շրջանակներում առաջարկվող հանդիպումներին», - ասել է Արման Սաղաթելյանը:

Նույն շարքից