Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության (ԿԱՀ) մահմեդականների «Սելեկա» կոալիցիան հրաժարվել է ճանաչել քրիստոնյա ապստամբների հետ անցյալ ամիս ստորագրված հրադադարի համաձայնագիրը եւ կրկին կոչ է արել կրոնական հիմքով բաժանել երկիրը:
«Սելեկա»-ի ռազմական թեւը չի ընդունում համաձայնագիրը: Ոչ ոք իրավասու չի եղել այն ստորագրել կոալիցիայի անունից»,- օգոստոսի 3-ին հայտարարել է «Սելեկա»-ի ռազմական առաջնորդ, գեներալ Ջոզեֆ Զունդեկոն: Նա կրկին կոչ է արել երկիրը բաժանել մահմեդական եւ քրիստոնեական հատվածների, քանի որ, նրա խոսքով, «քրիստոնյաների պահվածքը խաղաղությունն անհնար է դարձնում»: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Համաձայնագիրը, որը պետք է վերջ դներ ավելի քան մեկ տարի տեւող կրոնական հակամարտությանը, ստորագրվել է հուլիսի 24-ին, Կոնգոյի հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում՝ ԿԱՀ-ի կառավարության, քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, քաղաքացիական կազմակերպությունների եւ կրոնական խմբերի ներկայացուցիչների միջեւ:
Չորս օր անց «Սելեկա»-ն քրիստոնյաներին մեղադրեց հրադադարը խախտելու եւ երկրի կենտրոնական Գրիմարի քաղաքի վրա հարձակման համար: