Շիա ժողովրդական ռազմականացված միավորումները պահանջում են ԱՄՆ զինծառայողներին դուրս բերել Իրաքից, որոնք այդ երկրում տեղակայվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
Երեքշաբթի ԱՄՆ իշխանությունները հայտարարել են ծովային հետևակի ստորաբաժանում Իրաք ուղարկելու մասին տեղի անվտանգության ուժերին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգնելու համար: Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ցամաքային գործողությունների իրականացման գործում օգնելու համար այդ երկիր են ուղարկվել ծովային հետևակի 26-րդ էքսպեդիցիոն ստորաբաժանման զինծառայողները:
«Եթե ԱՄՆ վարչակազմն իր զինվորականներին անմիջապես դուրս չբերի, մենք նրանց կվերաբերվենք որպես օկուպացիոն զորքերի»,- ասվում է շիա Ասաիբ Ահլ ալ-Հաք խմբավորման հայտարարության մեջ:
«Օկուպացիոն ուժերն իրենց սեփական ստեղծագործության դեմ պայքարի պատրվակով երկրում ներկայությունը վերականգնելու կասկածելի փորձ են անում»,- հայտարարել են շիաները: