ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մինչև ծառայողական քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի լիազորությունները: Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապեր և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Գորիսի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար է հայտարարված ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը»,-հայտնեց Ահարոնյանը:
Ըստ «Ժողովուրդ»-ի, մարտի 8-ին երեկոյան մի խումբ երիտասարդներ գնացել են Գորիսի «Դիանա» ռեստորան, բայց նրանց թույլ չեն տվել ներս մտնել, ասելով՝ փակ է։ Երբ երիտասարդները նստել են ավտոմեքենան, որ դուրս գան, ռեստորանի դարպասներով անարգել ներս է մտել Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը։ Երիտասարդներից մեկը հարցրել է, թե ինչո՞ւ է օբյեկտը մեկի համար բաց, մյուսի համար՝ փակ։
Այս խոսակցությունը լսելուն պես քաղաքացիական հագուստով ոստիկանապետը շրջվել է ու հաշիվ պահանջել երիտասարդից, ապա օձիքից բռնած, քարշ տալով նրան փորձել է ներս տանել։ Ոստիկանապետը կարճ ռազբորկայից հետո անցել է բռունցքներին ու ծեծի ենթարկել Արթուր Գևորգյանին՝ հայհոյանքներ տալով»։
Ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանը Գորիսի ոստիկանապետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրն է: Գորիսի ոստիկանապետի ցուցումով Արթուր Գևորգյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ»:
Այժմ Արթուր Գևորգյանը կալանավորված է, իսկ նրա եղբայրը՝ Մուշեղ Գևորգյանը Գորիսի ոստիկանապետի հրամանով ազատվել է պաշտոնից: