Ռազմական 

Հակառակորդի զինտեխնիկայի ցանկացած շարժ տեսնում ու լիովին վերահսկում ենք. ՀՀ ՊՆ

analitik.am

Ադրբեջանական աղբյուրներն այսօր՝ օգոստոսի 5-ին, լուրեր են շրջանառում, թե Ադրբեջանի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները, որոնք առաջնագծին մոտ են տեղակայված, «բերված են մարտական պատրաստվածության առաջին աստիճանի»՝ իբր թիրախում ունենալով «հայկական զինուժի կրակակետերը»։ Ընդ որում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, այդ թվում՝ պաշտպանության նախարարությունը, որևէ կերպ չեն արձագանքել սույն լուրերին։

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյին պարզաբանել է իրավիճակը։

 

Մամուլի քարտուղարի խոսքերով՝ հուլիսի 31-ից մինչև այժմ հակառակորդի լրատվադաշտում շատ անգամ նման բովանդակությամբ լուրեր են տարածվում, որոնք հիմնականում քարոզչական գործառույթ ունեն։ «Հայկական զինուժի ստորաբաժանումները մշտապես հետևել ու այժմ էլ հետևում են առաջնագծում ադրբեջանական թե´ զինտեխնիկայի, թե´ կենդանի ուժի տեղաշարժերին, իրավիճակը մեր վերահսկողության ներքո է, անհրաժեշտ դեպքում ինչպես հարկն է կարձագանքենք»,-շեշտել է պարոն Հովհաննիսյանը։

 

Բացի այդ, նա հավելել է, որ խիստ անցանկալի է, որպեսզի այսպիսի բովանդակությամբ և շեշտադրումներով հրապարակումներն արտատպվեն հայկական լրատվամիջոցներում, ինչը դատարկ տեղում իրարանցում կառաջացնի՝ հաշվի առնելով առաջնագծում լարվածությունը։

 

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15 զոհ։

Նույն շարքից