Ռազմական 

20-ամյա Սարգիս Մովսիսյանին հուղարկավորել են զինվորական կարգին համապատասխան

Ադրբեջանական դիվերսիոն գործողությունը հետ մղելիս Մարտակերտի պաշտպանական դիրքերում օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորված և  մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանին այսօր՝ օգոստոսի 5-ին, հուղարկավորել են զինվորական կարգով՝ պատվո պահակներով եւ զինվորական երգչախմբով, հայրենի Մայիսյան գյուղում։


Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սարգիս Մովսիսյանը պարգեւատրվել է «Արիության համար մեդալով», որը Սարգիսի ծնողներին հանձնեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը։


Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր:


Ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիա էին արել նաեւ Ասկերանի ուղղությամբ, սակայն հետ էին շպրտվել՝ տալով մեկ զոհ: Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: Նշենք, որ վերջին օրերին շփման գծում ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել, սակայն ետ են մղվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:

Նույն շարքից