Իրավական 

Կնոջ հետ սեռական կապի համար սպանել է իր մտերիմ ընկերոջը

analitik.am

Արմավիրի մարզի գյուղերից բնակիչ 34-ամյա Աշոտ Բ-ն կնոջը խանդելու և այդ պատճառով սպանություն կատարելու հետևանքով կանգնել է դատարանի առջև:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Աշոտը դեռևս 2015-ի ապրիլին կասկածներ է ունենում, որ իր կինը` Սառա Մ.-ն իրեն դավաճանում է իր մտերիմ ընկերոջ` համագյուղացի Սամվել Կ-ի հետ: Կասկածները տղային հանգիստ չեն տալիս, և նա մի օր ուսումնասիրում է կնոջ հեռախոսը: Կասկածները հաստատվում են՝ պարզում է, որ կինը սեռական կապի մեջ է գտնվում իր մտերիմ ընկերոջ հետ:

Խոսում է կնոջ հետ, և աղջիկը խոստովանում է, որ իր և Սամվելի միջև սեռական կապ կա:
Խանդը հանգիստ չի տվել Աշոտին, ու նա որոշել է պատժել մտերիմ ընկերոջը. 2015-ի հունիսի 14-ին կեսգիշերն անց հասնելով  գյուղին հարակից դաշտամիջյան` Սամվել Կ.-ին պատկանող լճերի հատված, նկատել է ընկերոջ մեքենան, որի սրահում են գտնվել Սամվելն ու իր մեկ այլ ընկերուհին՝ Գոհարը:

Ըստ մեղադրական եզրակացության, երբ Սամվելն իջել է մեքենայից Աշոտը «հայտնվելով իր կնոջ և մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Սամվելի մարմնի տարբեր հատվածներին և հեռացել դեպքի վայրից»:

Ստացած մարմնական վնասվածքներից հունիսի 21-ին՝ դեպքից վեց օր անց, Սամվել Կիրակոսյանը հիվանդանոցում մահացել է:

Աշոտ Բադալյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը»:

Այս հանցքանի համար քրեական օրենսգիրքը սահմանում է պատիժ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և մարտի 25-ին այն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատական նիստերը կնախագահի դատավոր Վահե Խալաթյանը:

Նույն շարքից