Ռազմական 

Հայաստանցի տանկիստները 3-րդ տեղում են. Տանկային բիաթլոն-2014. օր 3-րդ

analitik.am

Տանկային բիաթլոնի անհատական մրցումների երրորդ օրը մրցել են 12 երկրների երրորդ տանկային անձնակազմերը: Հայաստանցի տանկիստների անձնակազմը 3-րդ տեղում է։

 

Տանկի հրամանատար, լեյտենանտ Մովսես Դավթյանը, մեխանիկ-վարորդ, շարքային Նարեկ Շառոյանն ու նշանառու օպերատոր, շարքային Սանասար Ծառուկյանը հաջողությամբ կատարել են կրակոցներն ու խոցել են բոլոր թիրախները: Սակայն հայաստանցի տանկիստների ցուցադրած ժամանակը բավարար չի եղել ավելի բարձր տեղ գրավելու համար:

 

Տանկային երրորդ անձնակազմերի անհատական մրցույթում առաջին տեղը գրավել են Բելառուսի, երկրորդը՝ Հնդկաստանի ներկայացուցիչները, իսկ լավագույն եռյակն, ինչպես նշվեց, եզրափակել է Հայաստանը։ Նախորդ երկու օրերի առաջատարները՝ ռուսաստանցի տանկիստները, գրավել են հինգերորդ տեղը:

 

Հիշեցնենք, որ մինչ այս անհատական մրցումներում մրցել են նաև մասնակից երկրների առաջին ու երկրորդ տանկային անձնակազմերը: Առաջին անձնակազմերի մրցույթում Հայաստանի զինված ուժերի տանկիստները գրավել են երկրորդ տեղը։ Երկրորդ անձնակազմերի անհատական պայքարում հայաստանցի տանկիստները եղել են հինգերորդը:

 

Ավելացնենք, որ Անհատական մրցույթի ժամանակ տանկերը անցնում են 3-ական շրջան՝ ընդհանուր 7,1 կմ երկարությամբ: Առաջին շրջանի ժամանակ տանկերը թնդանոթից կրակում են «տանկ» թիրախի վրա՝ երեք կրակոց՝ 1800, 1700 ու 1600 մ հեռավորություններից: Երկրորդ շրջանի ընթացքում զենիթային գնդացրով կրակում են «ուղղաթիռ» թիրախին՝ 900 մ հեռավորությունից, իսկ երրորդ շրջանի ժամանակ թնդանոթին կից գնդացրով կրակում են «ձեռքի հակատանկային նռնականետային հաշվարկի» վրա:

 

Տանկերն իրենց շրջանները կատարում են արգելագոտիներով, որոնց մեջ կան արագընթաց ճանապարհներ, ծանծաղուտ, կամրջակ, երկու էսկարպ (մեծ թեքություն), հակատանկային խրամ ու այլ խոչընդոտներ: Յուրաքանչյուր արգելքի ոչ արդյունավետ հաղթահարման համար տանկային անձնակազմի ցուցադրած ժամանակին ավելացնում են հավելյալ վայրկյաններ: Տանկային բիաթլոնի ժամանակացույցն ու մրցումների տեսակների մասին մանրամասները հայտնել էինք ավելի վաղ:

 

Ավելացնենք նաև, որ օգոստոսի 4-ին մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում մեկնարկած Տանկային բիաթլոն-2014-ին մասնակցում են տանկային անձնակազմեր 12 երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Անգոլայից, Վենեսուելայից, Հնդկաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Քուվեյթից, Սերբիայից ու Չինաստանից։

Նույն շարքից