Ռազմական 

ՊՆ հասարակական խորհուրդը պատրաստ է աջակցել համախմբմանը

analitik.am

Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Այդ մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հայտարարության մեջ:


«Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:


Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ ոգին, ցուցաբերեցին հայրենասիության եւ խիզախության արժանի օրինակներ: Ցավոք, ունեցանք զոհեր: Մենք խոնարհվում ենք մեր զոհված հերոսների թարմ շիրիմների առջեւ եւ հպարտությամբ կպահենք նրանց հիշատակը մեր սրտերում:


Ադրբեջանն անթաքույց վարում է ուժի դիրքերից հանդես գալու քաղաքականություն, որը գնալով ավելի վտանգավոր դրսեւորումներ է ունենում: Այլեւս ժամանակն է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի եւ սաստի Ադրբեջանին: Պատմությունն արձանագրել է թողտվության եւ «ագրեսորին խաղաղեցնելու» տխրահռչակ քաղաքականության ծանր հետեւանքները: Այժմ դա չպետք է կրկնել:


Մենք ողջունում ենք հայրենիքի պաշտպանության եւ հայոց բանակին սատարելու  գաղափարի շուրջ այս օրերին տեղի ունեցող հասարակական լայն համախմբումն ու համերաշխության դրսեւորումը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու հայրենասիրական նախաձեռնությունների իրականացմանը:


Մեր հասցեն է` Երեւան, Մոսկովյան 5, հեռախոսներ` 010523482, 010523486»,- ասվում է հայտարարության մեջ:

Նույն շարքից