Ուկրաինայի Լուգանսկի մարզում գնդակոծել են փախստականների շարասյունը: Միջադեպը տեղի է ունեցել Կրասնոդոնսկի շրջանի Խրյաշչեւատոե գյուղի մոտակայքում: Այդ մասին հաղորդում է BBC-ը՝ վկայակոչելով հակաահաբեկչական գործողության հրամանատարության ներկայացուցիչ Լեոնիդ Մատյուխինին:
«Շատերը ողջ-ողջ այրվել են», - ասել է Մատյուխինը: Նա պնդում է, որ կրակել են ռուսամետ ակտիվիստները:
Ավելի վաղ, «Ukrainskaya pravda» ինտերնետ-պարբերականը, վկայակոչելով ուկրաինական բանակի «Սեւեր» օպերատիվ հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Անատոլի Պրոշինին հաղորդել էր, որ մոտ 09:40-ին գնդակոծվել է Խրյաշչեւատոե եւ Նովոսոետլովկա բնակավայրերից դուրս եկած փասխտականների շարասյունը:
Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի քարտուղար Անդրեյ Լիսենկոն նաեւ հաստատել է, որ զոհվածներ շատ կան, սակայն հստակ թիվը անհայտ է:
Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը «Ռեյթեր» գործակալությանը փոխանցել է, որ ռուսամետ ակտիվիստների ուժերը նման գործողություն իրականացնելու համար անհրաժեշտ սպառազինություն չունեն: