Ռազմական 

Ողջունում եմ Կոմանդոսի առաջարկը. Գեներալ Նարեկ Աբրահամյան

analitik.am

Սփյուռքի հայ գեներալներն արձագանքում են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կոչին՝ աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին Հայաստանում համախմբելու` հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով:

«Արևելքի» հետ զրույցում Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանն ասաց, որ ինքը վաղուց է խոսել այն մասին, որ պետք է աշխարհի տարբեր երկրներում ապրող  հայ ռազմական գործիչներն իրենց փորձը ներդնեն ի նպաստ հայրենիքի: Ինքը՝ Նարեկ Աբրահամյանը, սփյուռքից գալով 1998-2000 թվականներին աշխատել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում, և ինչպես ասաց, դեռ այն ժամանակվանից է քննարկվել նման հարցեր:

Ըստ Նարեկ Աբրահամյանի, Սփյուռքում շատ են պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականները, որոնք ունեն փորձ, ժամանակակից գիտելիքներ, տիրապետում են ռազմական գործին, և ժամանակն է, որ Հայաստանը մտածի կազմակերպված ձևով այդ մարդկանց համախմբելու և հայոց բանակն ուժեղացնելու նաև նրանց գիտելիքների շնորհիվ: «Այդ մարդիկ էլ իրենց հերթին պետք է մտածեն այս դժվարին ժամանակներում ինչ-որ բան անել Հայաստանի համար, կանգնել հայկական բանակի կողքին»,- նշեց Ն. Աբրահամյանը:

Պաշտոնաթող գեներալն ասաց, որ անձամբ ինքը միշտ աշխատել է Հայաստանի օգտին և պատրաստ է նորից աջակցել Կոմանդոսին՝ այս գաղափարն իրականացնելու համար: Նարեկ Աբրահամյանն այն առաջիններից էր, որ Արցախում զբաղվել է նաև վերաբնակեցման հարցերով՝ անձամբ լինելով վերաբնակեցվող տարածքներում և իրականացնելով այդ ծրագիրը Դիցմայրիում:

«Ցավոք սրտի, ղարաբաղյան հարցը միայն  պատերազմով է լուծվելու, իսկ պատերազմի համար խելամիտ ուժեր և մարտունակ բանակ է անհրաժեշտ»,- նշեց Նարեկ Աբրահամյանը, ավելացնելով, որ այսօր շատ կարևոր է Հայաստանի բնակչության, զուգահեռաբար նաև բանակի թվաքանակի աճի խնդիրը, որի համար հստակ ռազմավարություն պետք է մշակվի:

Նարեկ Աբրահամյանը վստահ է, որ հնարավոր է պատերազմել և վերջնական հաղթանակ ունենալ: «Ես ընդառաջում եմ Կոմանդոսի կոչին»,- ասաց  Լիբանանի բանակի դեսանտային-էլիտար գնդի նախկին ղեկավարը՝ իր հերթին կոչ անելով այլ բարձրաստիճան զինվորականների՝ արձագանքել և գործել:

Նույն շարքից