Ռազմական 

Դիվերսիոն գործողությունների մեծ մասն իրականացվում էր ցերեկային ժամերին.Պնախարար

analitik.am

2014 թվականի սկզբից իրավիճակի սրման ու խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի կողմից հետեւողականորեն վարվող անհեռատես քաղաքականության արդյունքում հուլիսի վերջին ու օգոստոսի առաջին օրերը դարձան հակառակորդի ձեռնարկած անմիտ արկածախնդրության եւ 1994 թվականի մայիսյան հաղթական զինադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում աննախադեպ լարվածության շրջան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի օրվա առթիվ իր ուղերձում նշել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նաեւ նշել է.

«Քարվաճառի շրջան մարդասպան դիվերսանտների խմբի ներթափանցմանը եւ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի չդադարող գնդակոծմանը հետեւեցին հուլիսի 26-ից օգոստոսի 2-ի դեպքերը, երբ հակառակորդը լարվածությունը «դիպուկահարների պատերազմից» փոխադրեց հետախուզադիվերսիոն դաշտ՝ ընդսմին, դրան զուգընթաց, իրականացնելով նաեւ զինադադարի տարիներին ծավալներով եւ բնույթով աննախադեպ ռազմական բնույթի գործողություններ: ՀՀ եւ ԼՂՀ սահմանագծում սկսվեցին խաղաղ բնակավայրերի գնդակոծություններ մեծ տրամաչափի զինատեսակներով, կիրառվեցին հակատանկային եւ հաստոցային ավտոմատ նռնականետներ, 23մմ զենիթային կայանքներ, ինչի արդյունքում հայտարարվեց ծառայության ուժեղացված ռեժիմ, զորանոցային իրավիճակ, անձնակազմի ու զինտեխնիկայի տեղաշարժեր գրեթե բոլոր զորամիավորումների պահպանության գոտիների դիմաց, տեղեկատվական եւ քարոզչական ակտիվ գործունեություն: Առաջնագծի ողջ երկայնքով ակտիվացավ ռազմական ավիացիան, խոցման եւ նաեւ երկրորդ շարակազմի բազմաթիվ ստորաբաժանումներ բերվեցին մարտական պատրաստականության բարձր աստիճանի, սկսվեց հրամանատարական կետերի բացազատում: Որոշակի քայլեր իրականացվեցին նաեւ զորահավաքային պլանների ճշգրտման, զգուշացման ուղղությամբ:

Այս ամենն աներկբայորեն վկայեց հակառակորդի՝ հեռուն գնացող նպատակների մասին: Առավել եւս, որ դիվերսիոն գործողությունների զգալի մասն իրականացվում էր ցերեկային ժամերին, մեծ խմբերով եւ ուղղված էր հայկական հենակետների գրավմանը եւ հետագա հաջողությունների զարգացմանը, այսինքն` դրանք վստահաբար կարելի է որակել որպես ակնհայտ հարձակողական գործողություններ:

Առաջնագծի տարբեր հատվածներում մեկը մյուսին հաջորդող հարձակումներին ու իրավիճակի հետագա սրմանը վերջ տրվեց միայն Հայկական բանակի ստորաբաժանումների փայլուն իրականացրած զսպող գործողությունների շնորհիվ: Արդյունքում, Ադրբեջանի որոշ սահմանամերձ շրջաններում իրավիճակի սրումն առաջացրեց խուճապ եւ արտահոսք, ինչի պատճառով էլ սահմանամերձ նորակառույց բնակավայրերում ուժեղացվեց վարչական եւ ոստիկանական ռեժիմը:

Վերջին դեպքերի ընթացքում հակառակորդն 8-9 անգամ շատ կորուստներ ունեցավ: Անիմաստ հեղված այդ արյան ողջ պատասխանատվությունը ծանրացած է պաշտոնական Բաքվի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության խղճին: Եվ ես կիսում եմ Ադրբեջանի իշխանությունների կույր ու անհեռատես քաղաքականության պատճառով նրանց հարազատներին պատած վիշտը:

Ցավոք, Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում հուլիսի 26-ից ի վեր զոհվեցին շարքային զինվորներ, սերժանտներ ու սպաներ: Նրանք բոլորը հետմահու արժանացան Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգեւների:

Խորին ցավակցություն հայտնելով նրանց ծնողներին ու հարազատներին, միաժամանակ հպարտ եմ նրանց անձնազոհության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության մարտերում ցուցաբերած խիզախության ու արիության համար, որն օրինակ պիտի դառնա Հայկական բանակի բոլոր զինծառայողների համար: Նրանք մեր այսօրվա հերոսներն են: Մենք նրանց չենք կորցրել, մենք նրանց գտանք, գտանք մեր իրականության հերոսներին, որոնց փնտրում էինք: Նրանց անունները մեր շուրթերին են, մեր դպրոցներում ու համալսարաններում, մեր մամուլում: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ:

Վերջին դեպքերը հերթական անգամ վկայեցին Հայկական բանակի ոչ միայն հատուկ նշանակության, այլեւ բոլոր զորատեսակների ստորաբաժանումների եւ բոլոր օղակների հրամանատարների գերազանց պատրաստության եւ ընդհանրապես զինված ուժերում ուսուցման գործընթացի բարձր մակարդակի մասին:

Հուլիս-օգոստոսյան դեպքերն ապացուցեցին նաեւ վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի ու հոսանքների` իսկույն համախմբվելու եւ Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնությունները, կուսակցական ու գաղափարական տարակարծությունները»:

Նույն շարքից