Մարդիկ, ովքեր պնդում են, թե բանակում տեխնոլոգիաների կիրառումը թանկ հաճույք է, ստում են:
«Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հավելելով, որ տեխնոլոգիան կիրառում են պատերազմն էժանացնելու համար, ոչ թե՝ թանկացնելու. «Հնարավոր է, որ անօդաչուները թանկ են, սակայն դրանց բերած օգուտը շատ արագ չեզոքացնում է այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են եղել ԱԹՍ սարքելու համար: Տեխնոլոգիական կիրառումները թույլ են տալիս մեծ գումարներ տնտեսել և մարդկային կյանքեր փրկել»:
Վարդանյանի խոսքերով, Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն այս մասով անտեսվել է, քանի որ նախապատվությունը տրվել է ավելի շատ արկ գնելուն.
«Հավանաբար այստեղ խնդիրն ավելի շատ հոգեբանական է, քանի որ մարդիկ առնչվում են նոր զինատեսակի հետ, չեն հասկանում ինչ կարելի է սպասել և դիսկոմֆորտ են ապրում»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ՀՀ Պաշտպանության նախարարությունն ինչ պատասխան է տվել ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկին, Վարդանյանն ասաց, որ պատասխան չկա.
«Պաշտպանության ոլորտի պատասխանատուներն առհասարակ շփոթության մեջ են, քանի որ փորձը ցույց տվեց, որ սխալ էր արցախյան պատերազմից հետո հայկական բանակը ռուսական բանակի ցամաքային ուժերի օրինակով կառուցելը: Հիմա մեր դիրքերում զինվորներն ու սպաներն իրար հետ շատ լավ հարաբերություններ ունեն, այնտեղ չի գործում ռուսական բանակի «Я начальник-ты дурак.Ты начальник-я дурак» կարգը, այսինքն վերադարձ է կատարվել նախկին հարաբերություններին»:
Բանախոսը հայտարարեց, որ կան կոնկրետ ստորաբաժանումներ, որոնք խոչընդոտել են տեխնոլոգիական ոլորտի և բանակի համագործակցությանը.
«Մենք հստակ առաջարկով դիմել ենք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով համագործակցություն ապահովել երկու ոլորտների միջև՝ այդ նպատակով տրամադրելով հատուկ մարդ, ով կապ կապահովի ՏՏ ոլորտի և ՊՆ-ի միջև, ինչի արդյունքում ՏՏ ոլորտի մասնագետները կհասկանան, թե ինչ է անհրաժեշտ բանակին և ինչով կարելի է օգնել: Մենք խնդրել ենք նաև մեզ հրամանատար նշանակել, ով կօգնի մեզ կապ ունենալ դաշտային ստորաբաժանումների հետ, ինչը թույլ կտա փորձարկել արդեն ստեղծված նմուշները»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հնարավո՞ր չէ արդյոք պետության վրա հույս չդնել և սեփական միջոցներով գործել, Վարդանյանն ասաց, որ դա բացառվում է, քանի որ անհնար է սեփական միջոցներով մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ սարքել.
«Մեզ ասում են, որ մենք կարող ենք մեր միջոցներով անել այն, ինչ առաջարկում ենք, իսկ դա մուֆտչիի վարք է: Առհասարակ պետք է համապատասխան մարդիկ հետաքննեն ու հասկանան, թե ինչով է պայմանավորված ռազմա-արդյունաբերական ոլորտում մեր հետընթացը, ովքեր են մեղավոր»:
Վարդանյանի խոսքերով, ՊՆ-ում կան մարդիկ, ովքեր թյուրիմացության մեջ են գցել պետության ղեկավարությանը՝ վստահեցնելով, թե օրինակ մեր անօդաչուները հավասար հնարավորություններ ունեն իսրայելական անօդաչուների հետ, այնինչ դա այդպես չէ.
«Պետք է հետաքննություն անցկացնել հայտնաբերել մեղավորներին, իսկ մենք պետք է պահանջատեր լինենք, քանի որ մարդիկ մեր վճարած հարկերից աշխատավարձ են ստանում, բայց իրենց գործը չեն անում»: