Տարբեր երկրներից տասնյակ հազարավոր մարդիկ միացել են Իրաքում և Սիրիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործունեությանը, հինգշաբթի հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության անվտանգության խորհրդում, փոխանցում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով` ԴԱԻՇ-ը ցույց է տվել երիտասարդներին հավաքագրելու իր կարողությունները համացանցի և սոցցանցերի միջոցով:
«Ամբողջ աշխարհից ավելի քան 30 հազար մարդ միացել է ԴԱԻՇ-ին Իրաքում և Սիրիայում: Այդ արտասահմանցի զինյալները վերադառնալուց հետո նշանակալի սպառնալիք կներկայացնեն իրենց և մյուս երկրների անվտանգությանը»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նա նշել է, որ ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկեն, որպեսզի կանխեն նավթի և գազի մաքսանենգությունից, մշակութային ժառանգության անօրինական վաճառքից, փրկագներից, ինչպես նաև սահմանից դուրս ֆինանսավորումից ստացված միջոցների հավաքումը: Անհրաժեշտ է նաև ահաբեկիչներին զրկել երիտասարդների հավաքագրման նպատակով համացանցի օգտագործման հնարավորությունից, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: