Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Կատարը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են ջարդել Սիրիայի ենթակառուցվածքը եւ տնտեսությունը` զինելով այդ երկրում գտնվող ահաբեկիչներին: Այդ մասին հայտնել է ՍԱՀ-ի վարչապետ Վաիլ ալ-Հալկին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում:
Նրա խոսքով, անցյալ շաբաթվա ընթացքում Թուրքիայի սահմանով սիրիական Հալեպի եւ Իդլիբի նահանգներ է տեղափոխվել ավելի քան 5 հազար գրոհային:
«Դրան զուգահեռ այդ երկրները փորձում են ավելի ավերել ենթակառուցվածքը, խարխլել սիրիացի ժողովրդի տնտեսական հնարավորությունները եւ Սիրիան իջեցնել «չկայացած պետության» կարգավիճակի, — հավելել է նա:
«Սակայն սիրիական բանակի, ժողովրդի, Բաշար Ասադի գլխավորությամբ նրա ղեկավարության, ինչպես նաեւ բարեկամների շնորհիվ, նախ եւ առաջ Ռուսաստանի Դաշնության եւ անձամբ նախագահ Պուտինի, նրանք հաջողության չհասան: Մեր կազմակերպված դիմադրությունը թույլ չտվեց Սիրիան պարտված կողմ դարձնել: Մենք պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, որտեղ էլ այն լինի Սիրիայում: Նախ եւ առաջ` «Ջեբհաթ ան-Նուսրայի» եւ ԻՊ-ի դեմ», — նշել է Սիրիայի վարչապետը: