Ռազմական 

Օբաման չի բացառել ավիարհարվածները Սիրիայում

analitik.am

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել՝ շեշտելով, որ ԱՄՆ-ն ցամաքային զորքեր չի մտցնի Իրաք «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարելու, սակայն հավանական է համարել Սիրիայում և Իրաքում նույն իսլամիստների հենակետերին օդային հարվածներ հասցնելը։


Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ն գլխավորելու է Սիրիայում և Իրաքում իսլամիստական խմբավորումների դեմ պայքարի համար կազմավորված կոալիցիան, սակայն հրաժարվում է այն մտքից, որ ԱՄՆ զինծառայողները մարտնչեն այլ պետության տարածքում։ «Մենք պայքարելու ենք մեր օդուժի օգնությամբ և աջակցելու ենք մեր գործընկերներին ցամաքային գործողություններում»,-նկատել է ԱՄՆ նախագահը։ Օբաման նաև ընդգծել է, որ իրենց գործողությունները տարբերվելու են Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ իրականացրած քայլերից՝ ավելի շատ հիշեցնելով «ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողությունները Եմենում և Սոմալիում»։

 

 

Հարկ է շեշտել նաև, որ իր՝ մոտ 15 րոպե տևած ելույթում Օբաման կրկին անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հերթական անգամ մեղադրանքներ հնչեցրել «սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք կիրառելու համար» (քիմիական զենքի կիրառումն Ասադի համախոհ ուժերի կողմից մինչ օրս փաստարկված չէ)՝ միաժամանակ անարդյունավետ որակելով Ասադի պայքարը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ։

 

 

Ուշագրավ է՝ Օբամայի ելույթում առանցքային մտքերին մեկն այն էր, որ ԱՄՆ պատրաստ է հարյուրավոր տեսուչներ ուղարկել և զինել Սաուդյան Արաբիայում Սիրիայի ապստամբներին`Կոնգրեսին կոչ անելով 500 մլն ԱՄՆ դոլար տրամադրել դրա համար, մինչդեռ հայտնի է, որ Սիրիայում ընդդիմադիր մի շարք ուժեր և ապստամբները սերտ առնչություններ ունեն իսլամիստների հետ, որոնց դեմ էլ, Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ն պայքար է մղելու «որտեղ էլ որ նրանք լինեն»։ Նկատենք, որ դեռևս 2014-ի հունիսին տեսուչներ էր ուղարկել Իրաք, երբ Իրաքի կառավարական ուժերը անհաջողություններ էին կրել «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում։ Ավելի վաղ ԱՄՆ-ն 25 մլն դոլար էր հատկացրել Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանին իսլամիստների դեմ պայքարի համար։


Նույն շարքից