Ռազմական 

Հայաստանը հեռահար զենք կգնի. Սեյրան Օհանյան

analitik.am

Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ եւ արդիականացնում սպառազինությունը», - ասաց Օհանյանը:


Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չմանրամասնեց, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրեց ռազմական գաղտնիքի եւ դրա պահպանման սկզբունքի մասին` հավելելով, որ այն, ինչ կարող էր` արդեն ասել է:

 

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին նախարարն ասաց, որ հարեւան պետության  պաշտպանունակության եւ սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ընդգծեց Օհանյանը:

 

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան էր այցելել` մասնակցելու  համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի եւ ուսանող-ազատամարտիկների լսարանի բացմանը:

Նույն շարքից