Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ վարչական համալիրում հանդիպել է մատակարար ընկերությունների ներկայացուցիչներին:
Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը զինված ուժերի վրա դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար: Սեյրան Օհանյանն անդրադարձել է առկա ռազմաքաղաքական իրավիճակին եւ մատակարար կազմակերպություններին հորդորել ստեղծված իրադրության պայմաններում էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնել սեփական աշխատանքի նկատմամբ ներքին վերահսկողությանը եւ առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել մատուցվող ծառայությունների եւ մատակարարվող ապրանքների որակին ու ապահովման ժամկետներին:
Հանդիպման վերջում մասնակիցներին նաեւ ներկայացվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքները: Հատուկ ընդգծվել է, որ ՀՀ ՊՆ-ն գործող օրենսդրության շրջանակում հատուկ ուշադրություն է դարձնում գնումների եւ մատակարարումների ոլորտում բարեվարքության ու էթիկայի նորմերի պահպանման հարցերին եւ միջազգային լավագույն փորձի հենքի վրա մշակվելու են շահերի բախումը, անբարեխիղճ մրցակցությունը կանխող եւ չարաշահումները բացառող լրացուցիչ մեխանիզմներ, փոփոխվելու է գործընթացների կազմակերպչական մշակույթը: