«Եվրատեսիլ»-ը ևս մեկ հիանալի միջոց է, որ մեր ազգին հպարտանալու առիթ պարգևենք, որ 43-ից ավելի երկրներում 200 միլիոն հանդիսատեսի համար հնչի Հայաստան անունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը թվային տեխնոլոգիաներով հարուստ և հետաքրքրիր շոու է խոստանում:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակից Իվետա Մուկուչյանը պատրաստվում է մայիսի 1-ին մեկնել Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ: Երգչուհին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանգիստ է, լարված չէ և շատ է գնահատում մարդկանց վերաբերմունքը: Իվետա Մուկուչյանի խոսքով` ինքը ճամփորդել է Հայաստանով և այն ամենը, ինչ կապված է հայրենիքի հետ, հուզմունք է առաջացնում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչ ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրատեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»: