Մշակույթ 

Փորքիկների երթ` նվիրված Երկրի օրվան

analitik.am

Ապրիլի 29-ին փորքիկների երթ տեղի ունեցավ` նվիրված Երկրի օրվան: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, որտեղից մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Միջոցառման նպատակի և այլ հարցերի շուրջ Analitik.am-ի թղթակիցը զրուցեց երթի կազմակերպիչներից Կարինե Փանոսյանի հետ:

Կարինե ջան, ինչպե՞ս առաջացավ այս միջոցառման գաղափարը:

-Նախ ասեմ, որ սա միակ միջոցառումը չէ, որը կազմակերպել էինք ապրիլ ամսվա համար, սակայն դրանք հասկանալի պատճառներով հետաձգվեցին: Բայց այս միջոցառումը մենք, այնուամենայնիվ, որոշեցինք չհետաձգել: Ինչ վերաբերում է կոնկրետ միջոցառմանը, ապա փաստ է, որ ամենաբարդ խնդիրները լուծելու ամենահեշտ ու գրագետ եղանակը երեխաների միջոցով կազմակերպված միջոցառումների օգնությամբ ասելիքը տեղ հասցնելն է: Երբ երեխային բացատրում ես, որ անտառներ են հատում, կենդանիներ են սպանում և այլն, նա չի կարող դա լավ հասկանալ, իսկ երբ նրան ներգրավում ես միջոցառման մեջ, որտեղ ինքն ինչ-որ դերակատարում է ունենում, անկախ իր կամքից, նա դառնում է բնապահպանական խնդիրներ լուծող: Դրանից հետո արդեն հնարավոր է լինում երեխայի միջոցով ասելիքը տեղ հասցնել նաև մեծահասակներին:

Իսկ ո՞րն է միջոցառման հիմնական ասելիքը:

-Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ Երկիր մոլորակը մեր միակ տունն է և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է հոգ տանել մեր մոլորակի մասին: Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մենք պատասխանատու ենք Երկիր մոլորակի համար: Այսինքն` պետք է գիտակցել, որ մեկ ծխած ծխախոտը, մեկ պոլիէթիլային տոպրակը, ավել օգտագործած էլեկտրաէնեգիան և այլն, լուրջ վնաս են հասցնում մոլորակին, որի ռեսուրսներն օգտագործողը հենց մենք ենք: Միջոցառման միջոցով մենք նպատակ ունենք մարդկանց և հատկապես երեխաներին բացատրել դա: Միջոցառումը բավականին գունագեղ ստացվեց: Գիտենք, որ հասկանալի պատճառներով մարդկանց տրամադրությունն այսօր այնքան էլ լավ չէ, և հուսով ենք, որ մեր միջոցառման ուրախ տրամադրությունը որևէ մեկին չի վիրավորել:

Նույն շարքից