Առողջապահություն 

Բժիշկների գրանցած հերթական արդյունքը. մասամբ վերականգնվել է կոկորդի քաղցկեղ ունեցող 62-ամյա կնոջ ձայնը

62-ամյա  Ա.Ս.-ն  չէր  կարող պատկերացնել, որ ձայնի խզվածությունը ոչ թե մրսածության կարճատև հետևանք է, այլ ծանր հիվանդության  նախանշան:

Երկու  ժամ  տևողությամբ  վիրահատության  շնորհիվ  այսօր մասամբ վերականգնվել է   62-ամյա  կնոջ ձայնը, ինչպես նաև   ազատ է շնչառության բնականոն  ճանապարհը:

Այս վիրահատական միջամտության   առանձնահատկությունն այն է, որ   կոկորդի  չարորակ  նորագոյացությունը հիմնականում հանդիպում  է  ծխախոտի  օգտագործումը  չարաշահող տղամարդկանց  մոտ,  իսկ  այս  դեպքում  հիվանդը  կին  է:

Բժիշկներին դիմելուց առաջ Ա.Ս.-ի մոտ կատարվել էր պարանոցի ՄՌՏ, կոկորդի բիոպսիա: Կլինիկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր ‹‹Կոկորդի քաղցկեղ››: Տարբեր բժշկական հաստատություններում վերջին 5-6 տարվա  ընթացքում  կնոջ բուժումն ամբուլատոր պայմաններում չի հանգեցրել ապաքինման:

Վիրահատությունը կատարվել է  ‹‹Իզմիրլյան››   բժշկական կենտրոնի   քիթ-կոկորդ-ականջաբանության  բաժանմունքի  վարիչ   Վալերի  Ստեփանյանի կողմից, ով խոստովանում է, որ իր  մասնագիտական 40-ամյա գործունեության ընթացքում նման ախտորոշմամբ  առավելագույնը հինգ  կին հիվանդ է ունեցել:

«Տարիների ընթացքում բուժման մեթոդը չի փոխվել: Հեռացվել է կնոջ ձայնալարերից մեկը, և լորձաթաղանթի առողջ մնացորդ-հյուսվածքներով մենք փորձել ենք փոխարինել ձայնալարի ֆունկցիան»,- մանրամասնեց բժիշկը:

Նրա խոսքով` հետաքրքրական էր նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն նման ախտորոշում ունեցող մյուս հիվանդների, այս կինը չի ծխել: Ներկայումս հիվանդը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, կարողանում է ինքնուրույն շնչել: Գտնվում է մասնագետների դինամիկ հսկողության ներքո:

Բժիշկը խորհուրդ է տալիս ձայնում խռպոտության առկայության դեպքում դիմել նեղ մասնագիտական խորհրդատվության` հետագա բարդություններից խուսափելու նպատակով:

«Կոկորդի քաղցկեղ» ախտորոշմամբ այս կենտրոնում կատարվում է տարեկան  շուրջ 50 վիրահատություն:

Նույն շարքից