Վերլուծական 

Ինչպես է Մերկելն օգնել Էրդողանին. Բացահայտումներ Թուրքիայում ԵՄ նախկին դեսպանի կողմից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է բացարձակ իշխանություն ունենալ իր երկրում և գնում է այդ ճանապարհով՝ ունենալով Գերմանիայի և մասնավորապես կանցլեր Անգելա Մերկելի «օրհնությունը»: Այս մասին ասված է Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պյերինի հոդվածում, որը լույս է տեսել The Financial Times-ում:

Այն պահից ի վեր, երբ Էրդողանը դարձավ նախագահ սկսեց ազատվել արևմուտքի համար հատուկ զսպումների և հակակշիռների մեխանիզմներից՝ ցանկանալով լիակաար ազատություն ստանալ: Տարօրինակն այն է, որ վերջին շրջանում նա դեպի իր նպատակը քայլում է Գերմանիայի համաձայնությամբ, գրում է փորձագետը:

Հոդվածում ասվում է, որ 2015 թվականին խորհրդարանական ընտրություններում Արդարություն և զարգացում կուսակցությունը, թույլ հաղթանակից հետո, հենց Բեռլինն աջակցություն ցուցաբերեց Էրդողանին և վերջինիս կուսակցությանը: Բանն այն է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փորձելով փակել ներգաղթյալների հոսքը թուրքական իշխանություններին լուրջ խոստումներ է տվել,եթե վերջիններս զսպեն փախստականներին: Մարկ Պյերինին գրում է, թե հաշվի առնելով այն, որ Մերկելը շատ հաճախ է մեկնում Թուրքիա՝  կարելի է ենթադրել, որ նա խաղադրույք է կատարել հենց Էրդողանի վրա:

Նշվում է, որ Մերկելը Էրդողանին թույլ է տվել թքած ունենալ խոսքի ազատության և այն կարծիքի վրա, որը պարտադիր է ԵՄ-ին անդամակցելու համար: Թույլ տալով Էրդողանին սպառնալ Եվրոպային ՝Մերկելը տպավորություն է ստեղծել, որ վերջինս ցանկալի քաղաքական գործընկեր է, ով կարող է առանց պատժվելու շահագործել ԵՄ գլխավոր սկզբունքները, շարունակում է հոդվածագիրը:

Պյերինին կարծում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալուց հետո Էրդողանն ավելի է մոտեցել լիակատար իշխանությանը: Բանն այն է, որ Դավութօղլուն երբեք չի վախեցել իր անհամաձայնությունը հայտնել Էրդողանի հետ այդ թվում նաև ահաբեկչության դեմ պայքարի, քրդերի հետ բախումների  և մամուլի ազատության հարցերում: Իսկ հիմա վարչապետի աթոռը զբաղեցնելու է Էրդողանի հավատարիմ մարդը՝ կապի և տրանսպորտի նախարար Բինալ Յիլդիրիմը, ինչն ավելի է ամրապնդելու Էրդողանի իշխանությունը:

Եվրամիությունը որևէ կերպ չի կարող ազդել Էրդողանի քաղաքականության և ամբիցիաների վրա, քանի որ վերջինս և Թուրքիայի խորհրդարանն օրինական ճանապարհով են ընտրվել: Հիմա հարցն այն է, թե ինչ գին է ԵՄ-ն պատրաստ վճարել, որպեսզի Թուրքիան շարունակի զսպել փախստականների հոսքը, հավելում է հոդվածագիրը:

Նույն շարքից