Այսօր՝ մայիսի 25-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք ապրիլյան պատերազմի արդյունքում կորցրած տարածքները ետ վերցնել, պատասախնեց՝ այո:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե դրանք ամայի տարածքներ են, որոնք ռազմավարական նշանակություն չունեն, պատգամավորն ասաց, որ ինքը չէր ասի, թե այդ դիրքերն ինչ-որ լուրջ դերակատարում ունեն. «Ընդամենը մի քանի բարձունք են: Ինչ վերաբերում է Թալիշին, ապա դրա ինչ-որ հատվածը նրանց հսկողության տակ է ընկնում»:
Գասպարյանը նաև խոսեց հայ զինվորների հերոսության մասին՝ նշելով, որ վերջիններս կարողացան կանգնեցնել իր հզորության գագաթնակետին գտնվող Ադրբեջանին, որն այսօր մեծ թվով զոհերի գնով կարողացավ մի քանի մետր տարածք գրավել. «Երբ հրապարակվում է ադրբեջանական կողմի զոհեր թիվը, պետք է հասկանալ, որ խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին, այլ ոչ թե այն վարձկաններին, որոնք ոչնչացվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ»:
Նրա խոսքերով, Ադրբեջանն այսօր պետք է գլուխը կախ երևա ամբողջ աշխարհին, քանի որ ունենալով նման քանակությամբ ժամանակակից զենք և հանկարծակի հարձակվելով՝ չկարողացավ հաջողության հասնել:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ հայտնի միջադեպին, Գասպարյանն ասաց, որ ինքը բոլորովին այլ վայրում է գտնվել և տեղյակ չէ միջադեպից: