Ռազմական 

ԱՄՆ-ն ու դաշնակիցները Քոբանիում ավիահարվածներ են հասցրել իսլամիստների դիրքերին

analitik.am

ԱՄՆ ռազմաօդային ուժերը միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի աջակցությամբ Սիրիայի Քոբանի մի հատվածը զավթած ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին 8 ավիահարված է հասցրել։


Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը։


ԱՄՆ ինքնաթիռները Հորդանանի աջակցությամբ ավիահարվածներ են հասցրել սպառազինված ավտոմեքենաներին, զինամթերքի պահեստներին։


«Կենտրոնական հրամանատարությունը շարունակում է ուշադիր հետևել Քոբանիում կատարվող իրադարձություններին։ Դատելով տվյալներից՝ քրդերը վերահսկում են քաղաքի մեծ մասը»,- նշվում է հրամանատարության տարածած հաղորդագրությունում։


Հավելենք, որ ԱՄՆ-ն Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի հետ Քոբանիի շրջակայքում ծայրահեղական իսլամիտների ուղղությամբ ևս 6 ավիահարված է հասցրել հոկտեմբերի 8-ին։ Գործողության արդյունքում ոչնչացվել են զրահափոխադրիչ, սպառազինված ավտոմեքենաներ։


Տեղեկացնենք, որ ծայրահեղական իսլամիստներն արդեն 3-րդ շաբաթն է, ինչ հարձակումներ են իրականացնում Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա։


Իսլամիստները սպառազինված են զրահատեխնիկայով, այդ թվում նաև՝ տանկերով, ու հրետանային միջոցներով, որոնք ավելի վաղ առգրավել են Իրաքի կառավարական ուժերից։  Այս պահին «Իսլամկան պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ են Իրաքի և Սիրիայի հսկայական տարածքներ։


Նույն շարքից