Ռազմական 

Հայկական բանակը նշում է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օրը

analitik.am

Հայկական բանակում հոկտեմբերի 10-ը նշվում է որպես ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի օր: Զորատեսակի առաջին ստորաբաժանումն ստեղծվել է 1992թ. սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 1-ին կազմավորվել է ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը և հաշվարկային-վերլուծական կայանը: Հետագայում բացվել են նաև այլ զորամասեր և մասնագիտական տեխնիկայի վերանորոգման վաշտեր: Ստորաբաժանումներն անհրաժեշտ կադրերով համալրվել են խորհրդային բանակից տեղափոխված հայազգի սպաներով ու ենթասպաներով, ինչպես նաև հանրապետությունում պահեստազորից մասնագետներ զորակոչելով: Հաշվի առնելով կատարվող աշխատանքի ծավալը` 1997թ. մարտին պաշտպանության նախարարի հրամանով ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի բաժինը վերածվեց վարչության, որը ղեկավարում է գնդապետ Սարգիս Արզումանյանը:


ՌՔԿՊ զորքերը անմասն չեն մնացել Արցախյան պատերազմում հաղթանակի ձեռքբերման գործում: Մարտական գործողություններին անմիջական մասնակցությունից բացի, մասնագետները սահմանամերձ տեղամասերում և հակառակորդի հավանական հարձակման ուղղություններով տեղադրել են հրանետներ, կազմակերպել են անձնակազմի ուսուցումը, իրականացրել են մարտադաշտից հավաքված` մանրէներով վարակված և վերանորոգման ենթակա տեխնիկայի հատուկ մշակումը:


Այսօր արդեն ստեղծվել է նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, ՀՀ ԶՈւ զորամիավորումներն ու զորամասերը ապահովվել են անհատական պաշտպանական լրակազմերով և հակագազերով, ռադիացիոն, քիմիական հետախուզման մեքենաներով ու սարքերով, հատուկ մշակման տեխնիկայով ու միջոցներով: Այսօր արդեն զորատեսակը ամբողջովին կայացած կառույց է, որն իր արժանի մասնակցությունն ունի զինված ուժերի զարգացման գործում: Ստեղծման օրվանից ՌՔԿՊ զորքերի գործունեությունը կազմակերպվում է երկու ուղղություններով` հակառակորդի` ռադիացիոն, քիմիական, կենսաբանական միջոցների կիրառմամբ հավանական հարձակման դեպքում զորամասերի ու ստորաբաժանումների կողմից մեր զինծառայողների ու քաղաքացիական բնակչության պաշտպանություն և ԶՈՒ անձնակազմին անհատական պաշտպանական լրակազմերից ճիշտ օգտվելու ուսուցանում:


ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերն արդեն զարգացման բոլորովին նոր փուլ են մտնում: Մշակվել է զորքերի վերազինման ու կատարելագործման նոր ծրագիր, որի իրագործումը թույլ կտա օգտագործել նաև հայրենական գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումներն այս ոլորտում, զորքեր մատակարարել արտասահմանյան նմուշներին ոչնչով չզիջող հատուկ սարքավորումներ: 


ՌՔԿՊ զորքերի վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Բազմաթիվ հայ սպաներ վերապատրաստվում են Եվրոպայում և այլ երկրներում, մասնակցում այնտեղ անցկացվող զորավարժություններին, ծանոթանում այնտեղ ընդունված աշխատաոճին, մասնագիտական սարքավորումներին ու տեխնիկային: ՌՔԿՊ վարչությունը ակտիվորեն համագործակցում է նաև քաղաքացիական գերատեսչությունների ու կազմակերպությունների հետ:

 

Համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների հետ՝ ՀՀ ԶՈւ մարտական հաշվարկները մշտապես մասնակցում են ՆԱՏՕ-ի ծրագրով պարբերաբար անցկացվող արտակարգ իրավիճակներում գործելու վարժանքներին:

Նույն շարքից