Ռազմական 

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունները զորավարժություն են իրականացրել

analitik.am

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվել է ցուցադրական մարտավարական-մասնագիտական վարժանք ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական  և ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայությունների  ներգրավմամբ:


«Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով անցկացված ստուգատեսը ներառել է մոտոհրաձգային գումարտակի հակադիվերսիոն գործողությունների բուժապահովում, բուժապահովում որակավորված բժշկական օգնության փուլում:


Վարժանքի սցենարով որակավորված բուժօգնության կարիք ունեցողները սանիտարական տրանսպորտով տարհանվել են, իրականացվել է վիրավորների և հիվանդների տեսակավորում:


Ցուցադրական վարժանքի շրջանակում իրականացվել է նաև ամբողջական ծավալով որակավորված բուժօգնության ցուցաբերում, իսկ հաջորդ փուլում` քաղաքացիական բնակավայրում հակադիվերսիոն գործողության բուժապահովում, որոնողական և փրկարարական միջոցառումներ:


Հոկտեմբերի 10-ին մեկնարկած «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովի և «Հակադիվերսիոն գործողությունների բժշկական ապահովման կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի ամփոփումից հետո հոկտեմբերի 11-ին գիտաժողովի պատվիրակներին հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր շնորհակալական խոսքն է ուղղել գիտաժողովի պատվիրակներին` կարևորելով արտերկրի գործընկերների մասնակցությունը:


Հավելենք, որ զինվորական բժշկության արդի հիմնախնդիրների քննարկման, նոր լուծումների նախանշման ու կուտակած փորձի փոխանակման նպատակով ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 10-ին մեկնարկել էր «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցել են ՀՀ, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունաստանի ռազմաբժշկական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ: Այն կազմակերպել էին ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության բժշկական ապահովման վարչությունը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան:

Նույն շարքից