Գիտություն 

Եվրոպական ներդրումային բանկը կաջակցի դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանը

analitik.am
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը` Հենզ Օլբերսի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակներին` նախարարը կարևորել է Հայաստանում իրականացվող դպրոցների սեյսմակայունության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված բանկի ծրագիրը, որը փոխլրացնում է  Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի համանման ծրագրերին:

«Հուսով եմ Եվրոպական ներդրումային բանկի հետ մեր համագործակցությունը  երկարատև կլինի և դպրոցների  սեյսմակայունության ամրապնդման այս ծրագրին զուգահեռ մենք հնարավորություն կունենանք իրականացնել կրթության բովանդակային խնդիրներին  առնչվող տարատեսակ ծրագրեր` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ բանկի ծրագրերում բավականին մեծ է  բովանդակային ծրագրերի աջակցման բաղադրիչը»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով կրթության բովանդակային խնդիրներին` Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ այժմ  նախարարությունում լուրջ գործընթացներ  է ընթանում ավագ դպրոցների, բուհական համակարգի բովանդակության վերափոխման ուղղությամբ, լրամշակվում է բարձրագույն կրթության օրենքի նախագիծը: Նախարարն ակնկալել  է  նշված բովանդակային ծրագրերի առնչությամբ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությունը: Խոսելով եվրոպական ընտանիքի ինտեգրման հնարավորությունների մասին` նախարարը  տեղեկացրել է , որ  վերջերս Հայաստանն անդամակցել է «Հորիզոն-2020»  եվրոպական գիտական ցանցին, որը  հայ գիտնականների  համար մեծ հնարավորություն է ստեղծում գիտական համատեղ ծրագրեր իրականացնելու համար, ուստի  գիտական ոլորտի զարգացման գործում ևս ակնկալում է բանկի  աջակցությունը:
Պատվիրակության ղեկավար Հենզ Օլբերսին իր հերթին հույս է հայտնել, որ այս վարկային ծրագրի վերաբերյալ աշնանը նախատեսվող պայամանագիրը խթան կհանդիսանա Հայաստանի կրթության ոլորտի հետագա համագործակցության արդյունավետ կայացմանը: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն  ունենալ նաև  կրթության ոլորտի այլ ծրագրերի աջակցման գործում:
Եվրոպական  ներդրումային բանկի այս ծրագրով նախատեսվում է ապահովել  Հայաստանի շուրջ 45 դպրոցի` այդ թվում 15 ավագ դպրոցի սեյսմակայունությունն ու հիմնանորոգումը:

Նույն շարքից