Առողջապահություն 

Հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնում` ուրոլոգիայի ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր ընդունեց ֆրանիսահայ անվանի ուրոլոգ Ժան-Պիեր Բերբերյանին:
Պրոֆեսորը նախարարին տեղեկացրեց Ֆրանսիայի ուրոլոգիական ասոցիացիայի Հայաստան այցի մասին, որը նախանշված է այս տարվա  սեպտեմբերին: Շուրջ 30  առաջատար մասնագետից բաղկացած բժշկական խումբը մեր երկիր է ժամանելու  փորձի փոխանակման,  համագործակցության ընդլայնման նպատակով:
Նախարարը ողջունեց և պատրաստակամություն հայտնեց աջակցել մասնագիտական  խմբի նախաձեռնությանը: Նա առաջարկեց այցի ընթացքում  Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի հերթական տարեկան աշխատաժողովի շրջանակում կազմակերպել  համատեղ սատելիտային սիմպոզիում, որը կքննարկի նախապես ընտրված մասնագիտական թեմաներ և կնվիրվի Հայաստանի անկախության 25 ամյակին:
Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ Հայստանում գործում են բազմաթիվ արհեստավարժ մասնագիտական միավորումներ, որոնցից   առաջատար է նաև  արդեն շուրջ 20 տարվա կենսագրություն ունեցող Հայկական ուրոլոգիական ասոցիացիան:
Պրոֆեսոր, ուրոլոգ Իվան Աղաջանյանը ներկայացնելով Ժան-Պիեր Բերբերյանի մասնագիտական գործունեությունն ընդգծեց, որ  հենց այս անվանի բժիշկի հետ է կապված մեր երկրում 1980-ականների վերջին էնդոսկոպիայի զարգացումը, որը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն ուրոլոգիայի, այլև  ընդհանուր բժշկության մեջ: Նրա ձեռքով է կատարվել նաև մեր անվանի հայրենակիցներից մեկի`  ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի վիրահատությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ  կատարվեց նաև համագործակցության ընդլայնման ուղղություններին:

Նույն շարքից