Ռազմական 

ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն

analitik.am

ՀՀ ՊՆ երկրորդ զորամիավորումում սեպտեմբերի 27-ից 29-ն անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն, որի նպատակն էր «Բարձր» մարտական պատրաստականության բերման ժամանակ ստուգել զորամասերի սպաների պատրաստությունը, մարզել զորամասերի, գումարտակների վարչակազմերին, բարձրացնել անձնակազմի ունակությունները որոշումների ընդունման, մարտական խնդիրների առաջադրման ու մարտական գործողությունների վարման ուղղությամբ, կատարելագործել զորամասերի և գումարտակների շտաբերի ներդաշնակ աշխատանքը:

Եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժությունն անցկացվել է երեք փուլով: Ենթակա զորամասերը և ստորաբաժանումները բերվել են «Բարձր» մարտական պատրաստականության աստիճանի, իրականացվել են բացազատման շրջանի զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման և կահավորման գործողություններ, ստացվել է պաշտպանական մարտի նախնական մարտական կարգադրությունը, պարզաբանվել են խնդիրները, զորավարժության ղեկավարին զեկուցվել է պաշտպանական մարտի մտահղացումը: Տեղանքում ճշգրտվել են հակառակոր¬դի հավանական գործողությունները, մշակվել և հաստատվել են պաշտպանական մարտի նախապատրաստման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական մարտի վարման, գրոհի հետմղման, պաշտպանության խորքը մխրճված հակառակորդի ջախջախման, հակագրոհի անցկացման և առաջնագծի վերականգնման գործողություններ:

Զորավարժության արդյունքների ամփոփման ընթացքում զորամիրավորման հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը բարձր է գնահատել ներգրավված ստորաբաժանումների գործողությունները՝ շեշտելով, որ արձանագրված լավ ցուցանիշները ամենօրյա քրտնաջան աշխատանքի և նվիրումի արդյունքն են:

Նույն շարքից