Հոկտեմբերի 4-ից հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ շտաբում և ենթակա մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ, մեկնարկել են տեսչական ստուգումներ, որոնք նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական և ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով:
Տեսչական հանձնաժողովները առավել մեծ ուշադրություն են դարձնում այն հարցերի վրա, որոնք ուղղակի առնչություն ունեն ստուգվողների մարտական խնդիրների հետ և որոնք առաջին պլան են մղվել հատկապես ապրիլյան գործողություններից հետո: Այս համատեքստում իրականացված ծավալուն գործընթացների համալիրը հանձնաժողովականներին ներկայացրել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը՝ հանգամանորեն անդրադառնալով նաև այն միջոցառումների ու աշխատանքների վրա, որոնք իրականացվել և շարունակում են իրականացվել հակառակորդի հավանական սադրանքներին առավել արդյունավետորեն հակազդելու ուղղությամբ:
Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են: Դրանց ընթացքի և արդյունքների մասին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում: