Առողջապահություն 

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

Հոգեկան առողջության համաշխարհային օրն այս տարի նշվում է «Հոգեբանական առաջին օգնություն» կարգախոսով, որը հասարակության առողջության պահպանման և վերականգնման բաղկացուցիչ մասն է: Հոգեբանական առաջին օգնությունը համալիր աջակցության համակարգ է, որը նպատակ ունի օգնել բոլորին, ովքեր սոցիալական, հոգեբանական և ֆիզիկական առողջության ոլորտներում աջակցության կարիք ունեն:

Հհոգեկան առողջությունը սահմանվում է որպես գոյության ձև, առավել հարաբերական, քան բացարձակ, որը ենթադրում է միաժամանակ հաջողություն աշխատանքի, սիրո և ստեղծագործելու բնագավառներում:

Հոգեկան առողջությունը ենթադրում է հոգեբանական բարեկեցության դրական զգացումներ, սեփական արժանապատվության զգացում, համոզվածություն սեփական անձի և այլ մարդկանց արժեքի վերաբերյալ, ներդաշնակ ներաշխարհ, կենսական դժվարությունների հետ վարվելու և գիտակցաբար ռիսկի դիմելու կարողություն, փոխադարձ բավարարող միջանձնային հարաբերություններ հաստատելու կարողություն, ինչպես նաև ապրած սթրեսից կամ շոկից հետո ինքնուրույն ապաքինման կարողություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առանձնացրել է հոգեկան առողջությունը (ՀԱ) բնորոշող հետևյալ չափանիշները`

ա) Սեփական ‎ֆիզիկական և հոգեկան Ես-ի միասնության մշտական գիտակցում,

բ) Հաստատուն ապրումներ միանման իրավիճակներում,

գ) Սեփական հոգեկան գործունեությունը, նրա արդյունքները և ինքն իրեն համապատասխան գնահատելու կարողություն (ինքնաքննադատություն),

դ) Հոգեկան հակազդեցությունների համապատասխանությունն արտաքին ազդակների և իրավիճակների ուժին,

ե) Սեփական գործունեության պլանավորման և իրականացման ունակություն:

Հոգեպես առողջ մարդիկ՝

1. Կարող են հանգիստ վերաբերվել հիասթափությանը և գիտեն` ինչպես ընդունել որոշ սահմանափակումներ, որոնք պարտադրվում են անկախ մեր կամքից,

2. Հիմնականում երջանիկ են և ակտիվ, կյանքին նայում են լավատեսորեն,

3. Գիտակցում են իրենց զգացմունքներն ու մտքերը,

4. Հանգիստ աշխատում են այլ մարդկանց շրջապատում,

5. Գիտեն` ինչպես ընդունել քննադատությունն իրենց հասցեին և չեն հուսահատվում, եթե չի հաջողվում հասնել նպատակին,

6. Չեն վախենում խնդիրներից և պատրաստ են նոր դժվարությունների,

7. Ամբողջ եռանդով տրվում են իրենց գործին և իրենց առջև դնում իրական նպատակներ:

Իհարկե, սա հոգեպես առողջ մարդու իդեալական պատկերն է: Ինչպես ֆիզիկական առողջությունը, հոգեկան առողջությունը ևս ունենում է տատանումներ, և ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը կարելի է բարելավել:

Նույն շարքից