Առողջապահություն 

Առողջ աշխատատեղ` բոլորի համար

analitik.am

ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը, միանալով աշխատատեղում առողջության և անվտանգության հարցերով Եվրոպական գործակալության (EU-OSHA) կողմից Եվրոպայի մի շարք երկրներում կազմակերպվող «2016-2017թթ. առողջ աշխատատեղ` բոլոր տարիքների համար»  շաբաթին,  Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է  «Անվտանգ և առողջ աշխատանքային պայմաններ բոլորի համար»  թեմայով սեմինար:

Սեմինարի ընթացքում քննարկվել են «Արտադրական դժբախտ դեպքերի ծառայողական քննություն, վիճակագրություն և վերլուծություն», «Մասնագիտական հիվանդությունների ծառայողական քննություն, վիճակագրություն և վերլուծություն», «Աշխատանքի պայմաններ (վնասակար և վտանգավոր աշխատանք, աշխատանքի անվտանգ կատարման կազմակերպում, կոլեկտիվ և անհատական պաշտպանության միջոցներ)», «Աշխատաժամանակ, հանգստի ռեժիմ, աշխատավայրում առողջությանը պատճառած վնասի հատուցում»,  «Հարկադիր աշխատանք»,  «Մինչև 18 տարեկան անձանց աշխատանքային իրավունք», «Հղի և երեխա խնամող աշխատողների աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքներ» թեմաները:

Սեմինարին մասնակցել  են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի,  ինչպես նաև  գործատուների  ներկայացուցիչներ, աշխատողներ:

ՀՀ  առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքի անվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արա Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության` աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովման հետ կապված հիմնական գործառույթները: Կարևորվել են կանխարգելիչ միջոցառումները` նման սեմինարները և խորհրդատվությունները, որոնք  կնպաստեն աշխատանքի անվտանգության նկատմամբ իրազեկվածության մակարդակը, կկրճատվեն դժբախտ դեպքերն ու մասնագիտական հիվանդությունները:

Սեմինարի ընթացքում պարզաբանվել են մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ հարցեր։

Նույն շարքից