Առողջապահություն 

Չինաստանը պատրաստ է շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու Հայաստանին

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի և առևտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել  առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի  կարևորվել են 2011թ. Հայաստանին  շտապ օգնության 88 մեքենայի տրամադրումը և Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում  ավանդական բժշկության ուղղությամբ:

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է  հայտնել չինական կողմին` որպես օգնություն Հայաստանին շտապ օգնության ևս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար:  «Դրա շնորհիվ  կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։

 Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։

Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում  համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

Նույն շարքից