Առողջապահություն 

Կտրուկ նվազել է սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերումը

Հանրապետությունում կայունացել է հիվանդանոցներ շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման դեպքերի դիմելիությունը: Օրական իրականացված մշտադիտարկման արդյունքների համաձայն` սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով պայմանավորված շտապ օգնության կանչերի դինամիկան ևս նվազման միտում ունի:
Ինչպես տեղեկացրել էինք, շաբաթներ շարունակ մանկապարտեզներում և դպրոցներում կանխարգելիչ նպատակներով ֆիլտրում էր իրականացվում, որի նպատակը վարակի հնարավոր աղբյուր հանդիսացող երեխաներին մեկուսացնելն էր: Այսպիսով` կտրուկ նվազել է սուր շնչառական վարակներով երեխաների հայտնաբերումը, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունները:
Նշենք, որ նոյեմբերից հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների տվյալներով, հիմնականում շրջանառում է գրիպի Ա H3 ենթատեսակը: Հիշեցնենք, որ Ա տեսակի H3 ենթատեսակը շրջանառում է նաև եվրոպական տարածաշրջանի երկրներում: Նոյեմբերից մինչ օրս հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների նկատմամբ իրականացվել է 424 նմուշի հետազոտություն, որից 201 նմուշում լաբորատոր հետազոտությունների արդյունքները եղել են դրական (47%):
Գրիպից և դրա բարդություններից խուսափելու նպատակով՝ առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է.
  • խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
  • եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, մի հաճախեք աշխատանքի և մանկական հաստատություններ,
  • եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
  • հագնվե´ք եղանակին համապատասխան,
  • պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
  • օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե´ք անձնական հիգիենային:

Նույն շարքից