Եղել են ժամանակներ, երբ բազմաթիվ միջազգային համայնքներ ավելի քան վստահ են եղել այն հարցում, թե ինչ է կատարվել Օսմանյան կայսրությունում 1915-ին։ Ասվածը հատկապես վերաբերում է ԱՄՆ-ին. ամերիկացիներն առաջիններից են եղել, ովքեր այդ դեպքերի ականատեսն են եղել, գրում է The Washington Post-ը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային։
Բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալն իր «Մեծ աղետ. Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերի տակ» գրքում ներկայացնում է, մասնավորապես, հատվածներ 4 ամերիկացիների գրառումներից, ովքեր ականատես են եղել այդ ողբերգական դեպքերին։
Հենրի Մորգենթաուն եղել է ԱՄՆ դեսպանն Օսմանյան կայսրությունում, պետքարտուղար Ռոբերտ Լանսինգին ուղղված հեռագրում (հուլիսի 10, 1915թ.) նա գրում է, որ հայերի հանդեպ հետապնդումները հասել են աննախադեպ չափերի։ Զեկույցներում նշվում է, որ պարբերաբար փորձեր են արվում ոչնչացնել հայ խաղաղ բնակչությանը, կատարվում են ձերբակալություններ, աքսորների ժամանակ հաճախ են լինում բռնաբարության, գողության և սպանության դեպքեր։
Երկրի շատ շրջաններում մարդիկ ի վիճակի էին լքել իրենց տներն ու քաղաքները։ Այլ շրջաններում, գրում է Արևելյան Անատոլիայում ամերիկացի հոգևորական Հենրի Ռիգսը, տղամարդիկ հազվադեպ էին ողջ հեռանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 12 տարեկանից մեծ տղամարդկանց սպանում էին։
Ռիգսը պատմում է նաև ողջ մնացած կանանց և երեխաների մասին, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանացել քրդերի և ժանդարմների կամ զինվորների կողմից, որոնց ուղարկել էին նրանց պաշտպանելու։
Մարի Գաֆրամը՝ մեկ այլ ամերիկացի միսիոներ, քայլել է մի խումբ հայերի հետ Կենտրոնական Անատոլիայի Սեբաստիա քաղաքը լքելիս։
«Ճանապարհին չկար ջրի ոչ մի կաթիլ, արևն ուժգին այրում էր։ Նկատեցինք նախորդ օրվա շարասյան մահացածներին։ Ես մեզ մոտ էի վերցնում այնքան մարդ, որքան հնարավոր էր, և մեր աշակերտները՝ տղաներն ու աղջիկները, իրենց հերոսաբար էին պահում»,- գրել է Գաֆրամը։
Ջես Ջեքսոնը՝ Հալեպում ԱՄՆ հյուպատոսը, 1916-ի սեպտեմբերին պատմել է, որ մոտ 600.000 հայ է մահացել սովի, տարբեր աղիքային և այլ հիվանդությունների հետևանքով։ Ողջ մնացած հայերին նա նկարագրել է որպես «կենդանի ուրվականներ»։