Հասարակություն 

Ապրիլի 24-ն է՝ ծանր ու ցավոտ սգո օր. Դինքի այրու հոդվածը

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի այրին՝ Ռաքել Դինքը, թուրքական «Ջումհուրրիյեթ» թերթում հրապարակված իր հոդվածում ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր ընտանիքի պատմությունն ու նշել, որ այսօր լինելու է Թաքսիմ հրապարակում՝ Հայոց ցեղասպանության զոհերին ոգեկոչելու համար:


Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար.

 

«Այսօր Ապրիլի 24-ն է: Ծանր, շատ ցավոտ սգո օր:


 

Ծնվել եմ 1959-ին՝ Շըրնաք նահանգում գտնվող հայկական Վարդո աշիրեթում: Այդ գյուղն այժմ Յոլգազը է կոչվում: Վարդոն հորս պապի անունն էր՝ Վարդանի կրճատ տարբերակը: Վարդանը ժամանակին Վանից է այնտեղ եկել: Ջուդի լեռան ստորոտին՝ Իրաքի ու Սիրիայի սահմանին էր՝ Հասանա գյուղի մոտ: Այժմ ոչ Հասանա գյուղը, ոչ էլ հայկական Վարդո աշիրեթը կա»,- գրել է նա և ներկայացրել 1915-ին իր նախնիների տեղահանության պատմությունը:

 

 

Ռաքել Դինքը պատմել է նաև, թե ինչպես մոր մահից հետո իրեն տեղավորել են Թուրքիայի միակ հայկական դպրոցում՝ ինքնությունն ու լեզուն չմոռանալու համար: Հենց այնտեղ էլ նա ծանոթացել է ապագա ամուսնու՝ Հրանտ Դինքի հետ:



«Այժմ նայում եմ, թե ժխտման ջանքերը որքան ծիծաղելի են դառնում: Իմը, սակայն, ցավոտ ժպիտ է: Ցավոտ, արցունքով լի ժպիտ, փոքր-ինչ էլ զայրույթով լի:

 


1915-ի աշխարհին եմ նայում, ողջ մարդկության, քաղաքականության համար եմ լալիս: 2015-ի մարդկությանն եմ նայում, իմ երկրին, ամաչում եմ, լալիս: Կոկորդս սեղմվում է, դժվարանում եմ քայլել: Անաղմուկ թափվում են արցունքներս: Աստծո հետ եմ խոսում: Հիսուսի անունն եմ տալիս, որ կարեկցի մարդկությանը:

 


Հին, փտած մտածելակերպն էլ կեղտոտ լաթի նմանվող հագուստի պես կարելի է հանել. դրանից մարդը կփրկվի, կթեթևանա, կազատվի պատմության կապանքներից:

 


Այսօր ես նախ ամուսնուս, ապա Շիշլիում Սևակի (նկատի ունի ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըին-Tert.am) գերեզմանին եմ այցելելու, հետո 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար Թաքսիմի հրապարակում եմ լինելու և լուռ սպասելու եմ այս երկրի ազատականացմանը»:


Աղբյուր՝ tert.am

Նույն շարքից