Հասարակություն 

Հիշում ենք և պահանջում․ Անտոնյանների գերդաստանի պատմությունը

Հայոց Ցեղասպանության մասին առաջին անգամ լսել եմ, երբ շատ փոքր էի՝ պատմում էր մայրիկիս պապիկը: Այդ տարիքում, երբ հինգ տարեկան էլ չկայի, ինձ համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ էին այդ մեծ պապիկի աչքերն արցունքոտվում, երբ պատմում էր, թե ինչպես է եկել Հայաստան: Փոքր էի՝ միայն ասում էր, որ թուրքերը սպանեցին, ով կարողացավ մի կերպ փրկվեց: Փոքր ժամանակ չէի հասկանում, թե ինչո՞ւ ենք գնում Ցեղասպանության հուշահամալիր, ո՞ւմ համար ենք ծաղիկներ դնում և ինչո՞ւ էր այդ պապիկն ինձ գրկում ու ասում՝ հայն ապրելու ու արարելու է հավերժ, երբեք չկոտրվես:


Երբ մեծացա և սկսեցի պարզել, թե որտեղից են գալիս արմատներս, տեղեկացա   մայրիկիս պապիկի  ու տատիկի դաժան, բայց միևնույն ժամանակ հայի կամքն ու արարչությունը փաստող կյանքի բոլոր մանրամասնություններին:


Մայրիկիս պապիկը՝ Ա. Անտոնյանը ծնվել էր 1905թ-ին Խարբերդում: Ցեղասպանության տարիներին  նրա հայրը, հորեղբայրը,  ինչպես նաև ընտանիքի մնացած տղամարդիկ ջարդերի սկզբնական շրջանում կարողացել էին սարերում թաքնվել և թուրքերի հարձակումների ժամանակ հակահարված տալ վերջիններիս, որպեսզի չվնասեն իրենց կանանց և երեխաներին, սակայն որոշ ժամանակ անց նրանց թուրքերը սպանել են՝ երեխաներն ու կանայք էլ մնացել են անպաշտպան: Նրա  մայրն իր երկու փոքր  տղաների հետ միասին մի կերպ հաջողացրել է փախչել Հունաստան՝ ճանապարհին կորցնելով իրենց գրեթե  բոլոր հարազատներին: Այստեղ որոշ ժամանակ ապրելուց հետո նրանք որոշում են տեղափոխվել իրենց հայրենիք՝ Հայաստան, որպեսզի իրենց բոլոր հարազատներին կորցնելուց հետո գոնե հարազատ հողում ապրեն: Սկզբում Ա-ն  է գալիս Հայաստան, այնուհետև պետք է գային նրա մայրն ու եղբայրը: Այդ տարիներին բավականին դժվար էր կապ հաստատել արտասահմանում գտնվող բարեկամների հետ, ուստի այնպես է ստացվում, որ Ա-ն Հայաստան գալուց հետո կորցնում է կապը մոր ու եղբոր հետ, ում էլ Հունաստանից որոշ ժամանակ անց տեղափոխում են Չիլի:

 


Ալմաստ Անտոնյան՝ խիզախ կին, ով կարողացավ փրկել իր երկու որդիներին Հայոց Ցեղասպանությունից


Ասատուր Անտոնյանն իր հետ միասին Հայաստան գաղթած ընկերների հետ որոշում է գյուղ հիմնել Արարատյան դաշտավայրում: Հարմար տեղանք գտնելուց հետո նրանք ներկայիս Արարատ մարզում հիմնում են Արմաշ գյուղը՝ անվանում են Արմաշ ի հիշատակ Արևմտյան Հայաստանում Ասատուրենց  թաղամասի եկեղեցու, ուր  փոքր ժամանակ ամեն կիրակի հաճախում էր ծնողների հետ:

 

Արմաշ գյուղը հիմնադրելիս




Գյուղի տեղանքը նաև այնպես էր ընտրվել, որ Թուրքիայի սահմանին մոտ լինի, որպեսզի թուրքերի հնարավոր  հարձակումների ժամանակ նրանք առաջինը պայքարեն թուրքի դեմ: Արմաշը ժամանակի ընթացքում ծաղկեց և նոր բնակիչներ սկսեցին գալ: Ասատուր պապիկը միշտ ասում էր, որ թուրքը չի կարող այլևս հային վնասել, իրենք կոտորեցին մեր հարազատներին, բայց մենք ստեղծում ու ստեղծելու  ենք ավելին, ավելի ենք ուժեղանալու  ու այսուհետ թուրքի յաթաղանը, եթե ուզենան, որ մեզ դիպչի, իրենց գլխին ենք ջարդելու:  


Ասատուր պապիկի վիշտը սակայն չէր մեղմանում՝ նա կորցրել էր մորն ու եղբորը, ում հաջողվեց գտնել միայն այն ժամանակ, երբ նա արդեն բավականին մեծ էր, սակայն այդպես էլ մինչև կյանքի վերջը չկարողացավ հանդիպել նրանց հետ:


Նրա եղբայրը՝ Մեծատուր Անտոնյանն էլ իր հերթին  Չիլիում հայկական համայնք էր հիմնել և տարիներ շարունակ Հայաստանի հետ  հնարավոր կապ ունեցող մարդկանց միջոցով Ասատուրին էր փորձում գտնել:


 


Չիլիի հայկական համայնքը



Ասատուրն ու Մեծատուրը Հայոց Ցեղասպանությունից փրկված երկու փոքրիկ տղաներ, ինչպես միլիոնավոր հայեր,  կարողացան հայկական արմատները տարածել՝ մեկը Հայաստանում, մյուսը Չիլիում:

 


Ասատուրն ամուսնացավ Ցեղասպանությունից փրկված և Կեսարիայից Հայաստան եկած Լուսինեի հետ և ունեցան չորս երեխա՝ Հայաստանում շարունակելով Արևմտյան Հայաստանում երբեմն  հայտնի Անտոնյանների տոհմի, որոնց ժառանգներից ով էլ փրկվել էր, աշխարհով մեկ ցաքուցրիվ էր եղել:

 


Այժմ Ասատուր Անտոնյանն ունի բազմաթիվ ժառանգներ, սակայն նրա հոգին այսօր  վերջապես կարող է խաղաղվել, քանզի  տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը: Այն Ցեղասպանության, որը զրկեց Ասատուրին, ինչպես նաև միլիոնավոր հայերին իրենց հարազատներից, ընտանիքից, հայրենիքից, ճակատագրից: Սակայն հայի կամքն ու ուժն այնքան զորեղ է, որ ոչ միայն ապրեցրեց հային, այլ նաև լսելի դարձրեց ամբողջ աշխարհին նրա ձայնն ու պահանջը, որի բավարարմանն անկասկած հասնելու ենք։



 

Լ. Անտոնյան 

Նույն շարքից