Անալիտիկ կենտրոն Մամուլի ակումբ Մշակույթ 

Ֆիլմն ապացուցեց, որ հայերը կարող են միասնական լինել. Արշակ Զաքարյանը

analitik.am

«Նպատակ ունեինք նկարել այնպիսի ֆիլմ, որը բացի էսթետիկական հաճույքից, նաև որևէ խնդիր կլուծի:  Ինքնասպանության խնդիրը, ցավոք, մեր երկրում շատ անհանգստացնող խնդիր է, քանի որ Հայաստանում ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է»: Այսօր  «Անալիտիկ» կենտրոնում կայացած  «Արժեքավոր ֆիլմի ստեղծման պատմությունը. «Անպետքը» ֆիլմի հոգեբանական և մարդասիրական հատկանիշների ազդեցության հնարավորությունները»  թեմայով ասուլիսի ժամանակ ասաց  «Անպետքը» ֆիլմի ռեժիսոր Արշակ Զաքարյանը: Ֆիլմից կարելի է դատել, որ լավ ֆիլմ կարելի է ստեղծել նաև ոչ մեծ գումարով: 

«Իհարկե, ավելի շատ գումար ունենալու դեպքում ֆիլմը տեխնիկապես ավելի հագեցած կլիներ: Սակայն, մենք հնարավորություն ունեինք ծախսել ընդամենը վեց հազար դոլար, որից հինգ հազարը հասարակության անդամները  հավաքեցին: Ֆեյսբուքյան էջով հայտարարություն էինք տարածել, և շատ-շատ մարդիկ աջակցեցին մեր ֆիլմի ստեղծմանը: Նաև ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցի՝ բարերար Արման Գրիգորյանի աջակցությունն էր մեծ: Ի դեպ, նա մեծահարուստ չէ, ուղղակի լավ արվեստի սիրահար է, ու արդեն երրորդ ֆիլմն է, որ աջակցում է մեզ: Ստեղծագործական խումբը ոչ մի դրամ չի ստացել, բայց աշխատել է մեծ նվիրումով: Բայց դե սա աշխատանք է, և մարդիկ ուզում են վարձատրվել»,-ասաց ռեժիսորը:

Ֆիլմի գլխավոր դերակատար Գեորգի Հովակիմյանն ասաց, որ շատ դժվար է ինքնասպանության շեմին հասած մարդու կերպար կերտելը. «Ինքնասպանությունը ելք չի: Փաստորեն, ինքն ազատվում է ինչ-որ հոգսից, բայց հարազատներին է դնում շատ ավելի վատ կացության մեջ: Շնորհակալ եմ, որ ինձ վստահվեց այս  դերը: Ինձ համար էլ հեշտ չէր, բայց ռեժիսորի կողմից այնքան լավ մատուցվեց խնդիրը, որը ինձ հաջողվեց իրագործել այն»:

 Հարցին, թե ինչո՞ւ այսօր գրեթե չեն ստեղծվում լուրջ խնդիրներ լուծող, զգացմունքային ֆիլմեր , Արշակ Զաքարյանը պատասխանեց. «Կոմերցիա կոչեցյալը շատ է խանգարում արվեստին, քանի որ այնտեղ նպատակը գումար աշխատելն է: Մեր ֆիլմը ոչ կոմերցիոն է, սա նկարահանվել է որպես արվեստի գործ: Նպատակը ազնիվ էր, դրա համար արձագանքները շատ դրական են: Եթե նպատակն ազնիվ է, մաքուր, ապա ժողովուրդը արագ հավաքվում է այդ նպատակի շուրջ և միասնական դառնում»,-նկատում է ռեժիսորը: Որքան էլ որ տարօրինակ է, «Անպետք»-ի պրեմիերան կայացել է Թբիլիսիում, որտեղ ֆիլմը լավ արձագանքներ է ստացել: Իսկ ինչո՞ւ Թբիլիսում հարցին ի պատասխան ռեժիսորն ասում է, որ հրավերը վիրահայ համայնքից է եկել, և նրանք մեծ սիրով ընդունել են այն: Այնուամենայնիվ, մոտ ապագայում պրեմիերան կկայանա նաև Երևանում:   Նշենք, որ  այս ֆիլմը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում է  ձեռք բերել և  արժանացել հանդիսատեսի սիրուն ու բարձր գնահատականին:  Ֆիլմի մասին գրված նյութերը կարդացվել են մոտ 400 000  մարդկանց կողմից, որոնց 99%-ը դրական է արտահայտվել ֆիլմի մասին: 

 

Նույն շարքից