«ԱՍ» մրցանակաբաշխություն 

Հարցազրույց ՀՀ ԳՆ փոխնախարար Գրիշա Բաղիյանի հետ

analitik.am

Ներկայացված է «ԱՍ» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն փոխնախարար» կատեգորիայում

 

Քվեարկել այստեղ


Ինչպե՞ս եք գնահատում 2013թ.-ին ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները, ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցավ Հայաստանը՝ մասնավորապես Ձեր գործունեության ոլորտում:

 

2013 թվականին Հայաստանում ընթացած ներքաղաքական և արտաքին քաղաքականության զարգացումները, գյուղատնտեսության տիրույթում դիտարկելիս, պետք է գնահատել արդյունավետ: Խոսքն, անշուշտ, Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի Հանրապետության նախաձեռնության մասին է: Գաղտնի չէ, որ որոշ պարենամթերքի առումով մեր հանրապետությունն ինքնաբավ չէ և այս տեսանկյունից ուրվագծվում են ավելի պարզեցված ընթացակարգերով և համեմատաբար մատչելի գներով պարենամթերքի և, ինչու ոչ, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրման հնարավորություններ Մաքսային Միության անդամ երկրներից: Մասնավորապես, պարենային հացահատիկի ներկրում Ղազախստանից, հացահատիկի բարձրորակ սերմացուի ներկրում Ռուսաստանից, կարագի, կաթի փոշու, գյուղատնտեսական տեխնիկայի ներկրում Ռուսաստանից և Բելոռուսից: Ագրոպարենային ոլորտին առնչվող այս ցանկը բավականին ընդարձակ է: Բացի այդ, դյուրին կդառնա մեր հանրապետությունից մրգերի, բանջարեղենի, պահածոների, հյութերի, խմիչքների և այլ սննդամթերքի արտահանումը Մաքսային Միության անդամ երկրներ:


Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իշխանություն-հասարակություն կապը, արդյոք Հայաստանում անցնող տարում քաղաքացիական հասարակության կայացման բնագավառում զարգացում տեղի ունեցավ:

 

Հայաստանում իշխանություն-հասարակություն կապի սերտացման առումով թեև 2013 թվականին տեղի ունեցան դրական տեղաշարժեր, այնուամենայնիվ այս ուղղությամբ դեռևս կան զգալի անելիքներ: Ըստ իս, իշխանություն- հասարակություն կապը պետք է լինի ներդաշնակ, որը պետք է խարսխվի լիակատար փոխադարձ վստահությամբ, առանց որի կողմերի միջև միշտ առկա կլինի ջրաբաժան: Այնուամենայնիվ, այս ուղղությամբ ևս նշմարվում են դրական տեղաշարժեր, քանզի իշխանությունը փորձում է ներքաշվել ավելի անմիջական երկխոսության մեջ, իսկ հասարակությունը իշխանությունից պահանջում է ավելի թափանցիկ գործունեություն: Կարծում եմ, որ 2013 թվականին զգալի առաջընթաց գրանցվեց քաղաքացիական հասրակության կայացման բնագավառում:  


Ի՞նչ ներդրում եք ունեցել 2013թ.-ին Ձեր գործունեության ոլորտում, և ի՞նչ կուզենայիք անել, որ հնարավորությունների կամ ժամանակի սակավության պատճառով չկարողացաք անել: 

 

Գյուղատնտեսության մեջ ընթացիկ տարում առձանագրվեց լուրջ առաջընթաց: 2013 թվականի ամենամեծ ձեռքբերումը դա գյուղատնտեսական կենդանինների գլխաքանակի աննախադեպ աճն էր մեր հանրապետությունում: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ խոզերի գլխաքանակը ավելացավ 34.2 % -ով, տավարինը` 10.3 %-ով, իսկ ոչխարներինը` 14.3 %-ով: Ի դեպ, այս ցուցանիշներով Հայաստանի Հարապետությունը գերազանվել է ԱՊՀ բոլոր պետություններին` զբաղեցնելով 1-ին տեղը: 2013 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, մեր երկրում ավել կարտադրվի շուրջ 14 հազար տոննա միս և 40 հազար տոննա կաթ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է վերջին 3 տասնամյակների ընթացքում:

 

2013 թվականի ոչ պակաս կարևոր ձեռքբերումներից էր նաև այն հանգամանքը, որ հանրապետության ողջ տարածքում ստեղծվել է կայուն անասնահամաճարակային կայուն իրավիճակ:

 

Հաջողություններ արձանագրվեցին նաև բուսաբուծության ոլորտում, քանզի ստացվեց հացահատիկի աննախադեպ առատ բերք, իսկ պտղի, կարտոֆիլի և խաղողի համախառն բերքը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: 


Ի՞նչ կմաղթեք գալիք տարում ՀՀ քաղաքացիներին և Հայաստանին:

 

Մեր ժողովրդին կմաղթեմ խաղաղ և բարեկեցիկ կյանք, իսկ մեր երկրին` տնտեսական վերելք: Թող որ Հայաստանին տարիներ առաջ վերագրված <<կովկասյան վագրը>>  2014 թվականին վերագտնի իր երբեմն սլացիկ թռիչքը, իսկ տնտեսությունն ունենա տևական և կայուն աճման միտումներ: 




Նույն շարքից