Վերլուծական 

Ո՞վ է վարչապետի ամենահավանական թեկնածուն

analitik.am

Մինչ բոլորը կանխատեսում են հաջորդ վարչապետի ով լինելը, մի բան արդեն ակնհայտ է՝ ստեղծվելու է ոչ թե կուսակցական , այլ պրոֆեսիոնալ կառավարություն, դրա մասին են վկայում ՀՀԿ-ականների արձագանքները և պատասխանները՝ հաջորդ վարչապետի հետ կապված:


Բավականին ուշագրավ էր այդ իմաստով Արմեն Աշոտյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀԿ-ն կարող է շռայլություն թույլ տալ՝ վարչապետի պաշտոնը վստահելով ոչ ՀՀԿ-ականի: Սերժ Սարգսյանն այսօր իշխանությունը մինչև վերջ հասցնելու, այնուհետև արմատներ թողելու համար միանշանակ պետք է ազատվի պետության հանրապետականացումից՝ առավել ևս, որ ՀՀԿ-ն արդեն սպառել է իրեն:


Այս տեսանկյունից դիտարկելիս միանգամից վարչապետի պաշտոնի համար ամենահավանական թեկնածուներն են դառնում Վիգեն Սարգսյանը, Ռալֆ Յիրիկյանը և Սեյրան Օհանյանը: Վիգեն Սարգսյանն իհարկե ՀՀԿ-ական է, սակայն «ծածուկ» ՀՀԿ-ական, քանզի հասարակության զգալի հատված չի կապում Վիգեն Սարգսյանի անունը ՀՀԿ-ի հետ, ինչպես նաև նա արատավորված չէ, գերազանց կրթություն ունի, Սերժ Սարգսյանի մերձավոր շրջանակից է, ընդունելի է թե ՌԴ-ի, թե Արևմուտքի կողմից: Վիգեն Սարգսյանի նշանակման դեպքում բավականին փոփոխություններ կլինեն ամբողջ կառավարության կազմում, քանզի նրան նշանակելով կհաստատվի, որ Սերժ Սարգսյանը կերտում է «փրկության» կառավարություն, որն ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել այս ծանրագույն վիճակից: Արդյունքում կառավարության անդամերն արդեն պետք է լինել ոչ թե ՀՀԿ-ական, այլ մարդիկ, ովքեր ընդունակ են իրագործել այդ նախագիծը:


Շատ հավանական է, որ կառավարությունը ձևավորվի ՀՀԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՕԵԿ և ՀՅԴ անդամներից: Տեղափոխություններ նույնպես կլինեն, սակայն ոչ շատ: Ինչ վերաբերում է Ռալֆ Յիրիկյանին, ապա նա միանշանակ վայելում է հասարակության սերն ու հարգանքը, ունի կառավարման փորձ, բայց քաղաքականացված անձ չէ, ինչի պատճառով կարելի է ասել, որ հավանական թեկնածու է, բայց միևնույն ժամանակ այս պահին բացառվում է նրան վարչապետի պաշտոնը վստահելը: Սեյրան Օհանյանը նույնպես վարչապետի հավանական թեկնածու է՝ վայելում է հասարակության հարգանքը, ունի երկար տարիների կառավարման փորձ, Սերժ Սարգսյանի մերձագույն շրջանակից է, բայց ՀՀԿ-ականների հայտարարությունները կարծես թե հուշում են, որ նոր վարչապետին պետք է այլ վայրում փնտրել:


Սերժ Սարգսյանի «քայլ ձիով»-ը՝ վարչապետի հրաժարականի ձևով, պետք է առավելագույնս արդարացնի վերջինիս սպասելիքները, ինչը նշանակում է, որ փոքր ձախողումներն անգամ պետք է բացառել:




Աշոտ Անդրեասյան

Նույն շարքից