Վերլուծական 

Ո՞վ է ՀՀ տարածքային կառավարման հաջորդ նախարարը

analitik.am

Նոր կառավարության կազմն արդեն կարելի է ձևավորված համարել՝ ակնկալվող արմատական փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան, քանզի կառավարության կառուցվածքը գրեթե նույնությամբ պահպանվեց:


Ներկայիս ամենակարևոր հարցը մնում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը, որն այսօր պարզ կդառնա Արթուր Բաղդասարյանն է շարունակելու զբաղեցնել, թե թափուր է մնալու: Թափուր մնալու դեպքում այդ պաշտոնի համար ամենահավանական թեկնածուներն են մնում Արմեն Գևորգյանը, Խաչիկ Ասրյանը, Աղվան Հովսեփյանը և Արկադի Ղուկասյանը: Արմեն Գևորգյանի նշանակումը միանգամայն հավանական է, քանզի վերջինս ունի բավականին երկարատև կառավարման փորձ, սակայն այլ խնդիր կա՝ նա Քոչարյանի մերձագույն շրջանակից է, ուստիև կասկածելի է նրա նշանակումը, քանզի արդեն իսկ Քոչարյանի մտերիմներից բավականին շատ մարդիկ մուտք գործեցին կառավարություն:


Եթե Սերժ Սարգսյանի նպատակների մեջ մտնում է իշխանության անցնցում փոխանցումը Ռոբերտ Քոչարյանին, ապա Արմեն Գևորգյանի նշանակումն իրատեսական է: Խաչիկ Ասրյանը նույնպես տարիներ շարունակ կառավարման համակարգում է, բազմիցս ապացուցել է իր կազմակերպչական բարձր հմտությունները և ոչ միայն գրասենյակային, այլ նաև շատ ավելի բարդ պայմաններում: Արկադի Ղուկասյանի նշանակումը նույնպես իրատեսական է, սակայն կարծում եմ նա այլ քաղաքական նպատակներ ունի: Արմեն Գևորգյանի ԱԱԽ քարտուղար նշանակման դեպքում տարածքային կառավարման նախարարի պաշտոնի համար էլ հավանական թեկնածուների ցուցակում են Խաչիկ Ասրյանը և Վահե Հակոբյանը:


Տարածքային կառավարման նախարարի համար կարևորագույն պայման է ՀՀ քարտեզի մասին պատկերացումը և յուրաքանչյուր տարածքի համար կառավարման յուրահատուկ ձևի մշակումն ու կիրառումը: Խաչիկ Ասրյանն այս առումով լավագույն թեկնածուն է, քանզի նա տարիներ շարունակ այցելել ու այցելում է ՀՀ ամենահեռավոր գյուղեր, զորամասեր,  ուստիև շատ ավելի գրագետ և օպերատիվ կարող է իրականացնել կառավարումը: Վահե Հակոբյանի անունը նույնպես շրջանառվում է, ուստի հնարավոր է, որ որոշակի հանգամանքներից ելնելով այս պորտֆելը նրան տրվի:


Հակոբյանն իհարկե քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն կարծում եմ նա կգերադասի որպես մարզպետ լավագույնս դրսևորել իրեն, ապա նոր կառավարման ավելի բարձր մակարդակի անցնել, քանզի Վահե Հակոբյանը շատ լավ պատկերացնում է քաղաքական ինտրիգաների էությունը և չի ցանկանա հանուն այս պահին ավելի բարձր պաշտոն ունենալու ամբիցիաները բավարարել հետագայում թեկուզ որոշակի կորուստների գնով: Ընդամենը օրեր են մնացել նոր քաղաքական էլիտայի վերջնական ձևավորմանը, ուստի հուսանք, որ գոնե որոշակի իրոք շոշափելի փոփոխություններ դեռևս կլինեն:



Արմեն Ասլանյան

Նույն շարքից