Վերլուծական 

Սուպերմարկետների վիճակը Երևանում. Երևան Սիթի

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնը ուսումնասիրությունների շարք է սկսել բիզնես հատվածում գործող կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված թերությունների վերհանման, ինչպես նաև առավելությունների խրախուսման նպատակով: ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իրենց միջոցները ծախսելու դեպքում համոզված լինել, որ ստանում են կամ ստանալու են համարժեք ծառայություն կամ ապրանքներ:

 

«Անալիտիկ» կենտրոնը երկարատև ժամանակ փորձեց պարզել Երևանում գործող սուպերմարկետների գործունեության արդյունավետություն, ինչի նպատակով analitik.am կայքում դրվել էր հարցում՝ ո՞րն է լավագույն սուպերմարկետը վերնագրով:

 

Հարցման արդյունքներն ամփոփվեցին 21.05.2014թ.-ին: Հարցմանը ներկայացված էին հետևյալ սուպերմարկետները՝

 

Երևան Սիթի

 

ՍԱՍ

 

Մոսկվիչկա

 

Էվրիկա

 

Կրպակ

 

Փակ Շուկա

 

Հաճախորդների կողմից ստացված բողոքներն ու առաջարկները կներկայացնենք ամեն օր մեկ սուպերմարկետին անդրադառնալով՝ վերոնշյալ հերթականությամբ:

 

Ստորև ներկայացնում ենք հարցման արդյունքները.

 

Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 48 330 մարդ, ովքեր քվեարկել են հետևյալ կերպ.

 

Երևան Սիթի  4384

 

ՍԱՍ 8427

 

Մոսկվիչկա  14512

 

Էվրիկա  9684

 

Կրպակ 10231

 

Փակ Շուկա 1092

 

Ստորև ներկայացնում ենք Երևան Սիթի սուպերմարկետի վերաբերյալ  խմբագրություն եկած  նամակներից մի քանիսի  բովանդակությունը:

 

«Ես ապրում եմ Կոմիտասում, ուստի ստիպված եմ լինում շատ օգտվել Երևան Սիթի սուպերմարկետից: Մի կողմից լավ է, ամեն ինչ կա, միանգամից գնում դուրս ես գալիս, բայց մյուս կողմից Սիթիի բացվելուց հետո մեր շրջակայքից փոքր ու միջին խանութները կամաց-կամաց վերացան, իսկ այդ խանութների տերերն էլ  այս տարիների ընթացքում գնացին Հայաստանից: Սա շատ ցավալի է, քանզի նման մեծ խանութները սպանում են փոքր և միջին ձեռնարկություններին՝ սովի մատնելով  ընտանիքներին, ինչի արդյունքում վերջիններս ստիպված արտագաղթում են: Ես կառաջարկեի, որպեսզի օրենք լիներ, որի համաձայն մեծ սուպերմարկետները  տեղակայվեին ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ մի փոքր առանձնացված վայրում, քանզի դրանք թեկուզ ապահովում են աշխատատեղեր, բայց  սահմանափակ քանակությամբ, ապա փոքր և միջին խանութները կերակրում են ամբողջ ընտանիքների, ինչպես նաև աշխատատեղեր են ապահովում, առավել ևս Սիթիի պարագայում, որը գրեթե ամեն ինչ Մոյա Սեմյա լոգոյով արտադրում է: Չգիտեմ Սիթիի տերը՝ նույն ինքը Սամվել Ալեքսանյանն է Մոյա Սեմյայի տերն էլ է, թե ոչ, բայց երբ վաճառողին հարցնում ես, թե որ ընկերության ապրանքը խորհուրդ կտա, միանգամից ասում է ՝ Մոյա Սեմյա, ինչից միանգամից կարելի է հասկանալ, որ այս ընկերությունը նույնպես նրան է պատկանում: Ես ուղղակի ապշում եմ, թե ինչու են մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն, վերջնականապես սնանկացնում են  իրենց սեփական հայրենակիցներին: Կոչ եմ անում բոլորին օգտվել միայն փոքր ու միջին խանութներից, առավել ևս, որ այնտեղ ամեն ինչ շատ ավելի թարմ է, այլ ոչ թե անհայտ ժամանակով պահեստներում պահված»:

 

Ա. Ավետիսյան

 

«Ինձ դուր է գալիս Երևան Սիթին, քանի որ գնումների դիմաց կուտակածս բոնուսներով ամեն ամսվա վերջում կարողանում եմ տարբեր բաներ գնել: Սիրում եմ նաև Սիթիների մեծությունը, լավ է, որ մեր թաղամասում կա Սիթի»:

 

Լ.Մինասյան

 

«Ես մի քանի անգամ Սիթիից մթերքներ եմ գնել, և արդեն տանը հայտնաբերել, որ հին է, առավել ևս փաթեթավորված մրգերը՝ նարինջ, բանան, թութ: Երկու անգամ էլ պատահել է Փակ Շուկայում, որ ապրանքի գինը հաշվված է եղել, բայց տուն գալուն պես հայտնաբերել եմ, որ այն չկա գնումների մեջ: Դրանից հետո, երբ ստիպված եմ լինում Սիթիից գնում կատարել լարում եմ ուշադրությունս, որպեսզի բոլոր գնածս ապրանքները դնեն տոպրակների մեջ, բայց սուպերմարկետներում նման բաները պետք է բացառվեն, թե չէ ի՞նչ է նշանակում, գումար ես ծախսում ու մի հատ էլ պետք է ուշադիր նայես, որ քեզ չխաբեն: Սա լուրջ թերություն է»:

 

Հ. Անտոնյան

 

«Շատ դժգոհ եմ Սիթիների սպասարկման որակից: Ամեն անգամ ժամերով սպասում ես բաժնի մոտ, մինչև որևէ մեկը կբարեհաճի մոտենալ ու քեզ սպասարկել՝ առավել ևս մսի ու ձկների բաժնում: Աշխատում եմ այդ սուպերմարկետից գնումներ չանել»:

 

Կ. Լալայան

 

Մեր կողմից արված ուսուսնասիրությունները կներկայացնենք բոլոր սուպերմարկետների վերաբերյալ հաճախորդների կարծիքներն ամփոփելուց հետո՝ ամբողջական տեքստով: 



 

ՍԱՍ


Նույն շարքից