Պրահայում գտնվող Հայաստանի պաշտոնական պատվիրակության անդամները` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, տնօրենի խորհրդական Զավեն Քոլոյանը հանդիպել են Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ռադեկ Պոլիկարին, տեղեկատվական-վերլուծական համակարգի պատասխանատուներին:
Չեխ գործընկերները ներկայացրել են իրենց երկրում գործող տեղեկատվական-վերլուծական, էլեկտրոնային առողջապահական համակարգերը, առողջապահության բնագավառի ընդհանուր կառուցվածքը, ինչպես նաև օպտիմալացման ծրագրերը, որոնք իրականացվում են Չեխիայում: Ռադեկ Պոլիկարը նշել է, որ դեռևս 90-ական թվականներից իրենց երկրում ներդրվել և արդեն իսկ կայացած գործում է պարտադիր ապահովագրական համակարգը, ինչը ոլորտի ձեռքբերումներից է:
Ոլորտի պատասխանատուները քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները, ուրվագծել փոխգործակցության հետագա քայլերը:
Նշենք, որ պատվիրակության անդամները երեկ հանդիպել են Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ: Եվս մեկ հանդիպում էլ կայացել է Հունգարիայի, Չեխիայի և Սլովակիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Պիլավչյանի հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են ոլորտում իրականացվող ծրագրերը և անելիքները, քննարկվել են Հայաստանում կատարվող առողջապահական բարեփոխումները, ինչպես նաև Չեխիայում բնակվող մեր հայրենակիցների բուժօգնությանն առնչվող հարցեր։