Վերլուծական 

Բրազիլացիները կհաղթեն այս կիսաեզրափակիչում. Դժվար խաղ է սպասվում

analitik.am

Այսօր երեկոյան տեղի կունենա ֆուտբոլի Աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ խաղը,որտեղ կհանդիպեն Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները:Առաջնության ընթացքում առաջին անգամ տան տերերը չեն հանդիսանում խաղի ֆավորիտ:


Մենք արդեն նշել էինք , որ Բրազիլիայի հավաքականը տնային առաջնությունում դժվար թե կարողանա դառնալ չեմպիոն և որ հաղթանակի աստվածուհի Նիկան բարեհաճ կլինի Արգենտինայի հավաքականին: Սակայն հնարավոր չէր պատկերացնել, որ Պենտակամպյոնները կիսաեզրափակիչում կունենան նման կորուստներ:Բրազիլացիների քարորդ եզրափակիչում տարած հաղթանակը նման է Պյուրոսյան հաղթանակին. Կոլումբիացի պաշտպան Սյունիգայի կողմից Նեյմարին հասցված վնասվածքը, Տիագո Սիլվայի երկրորդ դեղին քարտը Գերմանիայի հետ կայանալիք առաջիկա խաղին ընդառաջ աննախադեպ թուլացրեցին աշխարհի հնգակի չեմպիոններին:


Չնայած Նեյմարի խաղի վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություններին ,վերջինս հանդիսանում է իր հավաքականի ոգեշնչողը և առաջ մղող ուժը խաղադաշտում: Ֆրեդին, Հալկին և Օսկարին դժվար կլինի առանց Նեյմարի ճեղքել գերմանացիների ամուր պաշտպանությունը: Իր հերթին թիմի ավագ Տիագո Սիլվայի բացակայությունը կաշկանդվածության մեջ է պահելու բրազիլացիներին և բացասաբար է անդրադառնալու նրանց վստահ ու անկաշկանդ խաղի վրա: Տիագո Սիլվայի բացակայությունն էլ ավելի է հեշտացնելու Պոդոլսկու, Շյուռլեյի և Մյուլլերի խոյահար անցումները դեպի տան տերերի տուգանային հրապարակ՝ նպաստելով բրազիլացիների պաշտպանական գծի սրընտաց ճեղքումներին:


Բրազիլացիների հաղթաթուղթը նրանց կրքոտ և տեխնիկական բարդ հնարքներով հագեցած խաղաոճն է , սակայն որպեսզի ապահովվի նման խաղ անհրաժեշտ է ոգեշնչող և թիմին առաջ տանող ուժ, որը շատ դժվար կլինի իրականացնել առանց հավաքականի առաջատարների: Իհարկե մարզադաշտում եղած ֆուտբոլասերներն ամեն կերպ կոգեշնչեն իրենց սիրելի թիմին , սակայն բրազիլացիներից մեծ ջանքեր կպահանջվի, որպեսզի իրականացնեն փոքրիկ հրաշք և ընդհատեն գերմանական թիմի հաղթարշավը: Բունդես թիմը, դավանելով ուժային ֆուտբոլին, գործում է սառնասրտորեն, կշռադատված և նպատակասլաց՝ զուրկ որևէ զգացմունքայնությունից: Հավաքականը պարզապես կատարում է իր առջև դրված առաջադրանքը, իսկ առաջադրանքն է հաղթել Աշխարհի առաջնությունում:


Սակայն գերմանական մեքենային հնարավոր է կանգնեցնել և դա ի զորու են իրագործել Պենտակամպյոնները, անհրաժեշտ է միայն դրսևորել աննախադեպ կամքի ուժ և ցուցադրել հաղթական ու անկոտրուն ոգի: Այդ իսկ պատճառով, չնայած բոլոր դժվարություններին և ստեղծված ոչ բարենպաստ իրավիճակին,  բրազիլացիներն ի վիճակի են հաղթահարել գերմանական արգելքը:

 


Այս կիսաեզրափակիչը նմանվելու է 1998թ. Ֆրանսիայում տեղի ունեցած Աշխարհի առաջնության Բրազիլիա-Հոլանդիա անմոռանալի կիսաեզրափակչին, որտեղ բրազիլացիները մեծ ջանքերի շնորհիվ կարողացան հաղթանակ տանել հոլանդացիների նկատմամբ, սակայն նույն այդ խաղում ծախսելով հսկայական ուժեր, սպառեցին իրենց և եզրափակիչ խաղում պարտվեցին ֆրանսիացիներին:


Չի բացառվում, որ նման բան տեղի ունենա այս կիսաեզրափակիչ խաղում, երբ ծանր ու դժվարին հաղթանակից հետո բրազիլացիները չկարողանան դիմագրավել Արգենտինայի հավաքականին:Իհարկե ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ և բոլոր չորս թիմերն էլ ի վիճակի են հաղթանակ տանել , սակայն մնում ենք այն եզրակացության, որ եզրափակիչում կհանդիպեն երկու հարավ ամերիկյան հավաքականներ և  Աշխարհի գավաթը չորս տարով կհանգրվանի Լատինական Ամերիկայում:   



Սարգիս Լևոնյան

Նույն շարքից