Վերլուծական 

«Արդշինինվեստբանկ». Անդրադարձ՝ ըստ մասնաճյուղերի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, www.analitik.am-ը, իր խոստումի համաձայն, ուսումնասիրելու է բանկերի գործունեությունը, ինչպես նաև՝ հասարակության շրջանում կարծիքներ է հավաքագրելու ՀՀ-ում գործող բանկերի սպասարկման որակի վերաբերյալ:

 ՀՀ-ում գործում է 21 բանկ, որոնք բոլորն էլ ունեն մասնաճյուղեր ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:  Հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր բանկի  մասնաճյուղերը տարբերվում են միմյանցից սպասարկման որակով, աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությամբ և այլն, մեր աշխատակիցներն այցելում են նույն բանկի տարբեր մասնաճյուղեր և համեմատում նրանց սպասարկման որակն ու ընդհանրապես՝ հաճախորդի նկատմամբ վերաբերմունքը:

Նախորդ նյութում անդադարձ կատարեցինք «Արդշինինվեստբանկ»-ին ու ներկայացրինք այն թերությունները, որոնց մասին խոսել են մեր հարցումներին մասնակցած քաղաքացիները:

Այս անգամ «Արդշինինվեստբանկ»-ին կանդրադառնանք՝ ըստ մի քանի մասնաճյուղերի, որոնք ընտրել ենք պատահականության սկզբունքով:

Նախապես նշենք, ոչ չենք պատրաստվում նշել, թե որ օրը և որ ժամին են մեր աշխատակիցներն այցելել բանկեր, քանի որ այդ կերպ կարող ենք խնդիրներ առաջացել բանկի կոնկրետ աշխատակիցների համար, իսկ մեր նպատակը ոչ թե կոնկրետ աշխատակցի հետ է կապված, այլ ամբողջ բանկի սպասարկման ոլորտի խնդիրները բարձրաձայնելն է և նպաստելը, որ դրանք վերանան: Ուստի՝  նշված «ոսկե կանոնը» կպահպանենք ինչպես այս, այնպես էլ մյուս բանկերին անդրադարձ կատարելիս:  Նաև հավելենք, որ մեր աշխատակիցները չեն նկարահանել և ձայնագրություններ չեն արել բանկի ներսում՝ հաշվի առնելով, որ դա հակասում է ՀՀ օրենսդրությանը:


 Այսպիսով.

Արդշինինվեստբանկ   «Գլխավոր  գրասենյակ» (Լուսավորչի փող. 13)


Ի տարբերություն մի շարք մասնաճյուղերի, գլխավոր գրասենյակում սպասարկումը բավականին բարձր մակարդակով է իրականացվում, աշխատակիցները նույնպես տարբերվում են իրենց գրագիտությամբ, բարեհամբյուրությամբ, մասնագիտական պատրաստվածությամբ և պատրաստակամ աշխատելաոճով: Դրական է նաև, որ հաճախորդին միանգամից մոտենում և հարցնում են, թե ինչ հարցով է բանկ եկել և ուղղորդում են նրան: Բացասական է, որ հերթերն են շատ, սակայն դա ավելի շատ պայմանավորված է շատ այցելուներով՝ ի տարբերություն այլ մասնաճյուղերի, որտեղ հերթերը գոյանում են դանդաղ սպասարկելու արդյունքում:


Արդշինինվեստբանկ, «Կոմիտաս» մասնաճյուղ


Առաջին դրական բանը, որ նկատեցինք այս մասնաճյուղում հանգիստ  և լուռ մթնոլորտն էր, որը թույլ է տալիս թե աշխատակիցներին և թե հաճախորդներին արագ աշխատել և կողմնորոշվել: Բանկում գտնվող քաղաքացիներից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն այդ մասնաճյուղի մասին: Հիմնական դրական պատասխաններ լսեցինք, սակայն հնչեցին նաև բողոքներ: Օրինակ՝ սպասելաժամանակի հետ կապված: Ուշադրության դարձնելով այս բողոքի վրա՝ նկատեցինք, որ սպասարկում այս մասնաճյուղում իսկապես դանդաղ է: Ասենք՝ բանկային քարտին գումար մուտքագրելու համար աշխատակիցը հաճախորդին սպասարկեց մոտ 10 րոպե, մինչդեռ, ինչպես փորձն է ցույց տվել, կարելի է այդ դեպքում 5-ի սահմաններում վերջացնել գործարքը:  Մի կին էլ բողոքեց, թե ջուր չկա: Հանուն արդարության պիտի նշենք, որ վերջինս առանձնապես մեծ բացթողում չէ մասնաճյուղի համար:


 

Արդշինինվեստբանկ, «Կենտրոն» մասնաճյուղը


Բանկի «Կենտրոն» մասնաճյուղ ներս մտնելու պես հասկացանք, որ այստեղ որևէ գործարքի համար պարտավոր ենք ոչ միայն մեր ընդմիջումը «զոհաբերել», այլև՝ աշխատանքի վայրում զգուշացնել, որ ընդմիջման ժամի ավարտից հետո էլ ուշանալու ենք:  Այս մասնաճյուղի հիմնական բացթողումը հենց հերթերն են, ինչը ոչ միայն բանկ այցելելով քաղաքացիների մեծ թվի պատճառով է, այլև՝ նորից դանդաղ սպասարկման: Աղմուկը այս մասնաճյուղում շատ էր: Քաղաքացիների հիմնական բողոքը հենց  հերթերի հետ էր կապված: Ոմանք՝ նշեցին, որ ստիպված են այս մասնաճյուղ մտնել և մտնելիս էլ գիտեն, որ շատ են սպասելու:

 


Արդշինինվեստբանկ, «Տիգրան Մեծ» մասնաճյուղ


Հերթերի հետ կապված խնդիրը առկա էր նաև այս մասնաճյուղում: Համաձայնեք՝ հատկապես ամառվա այս տապին դրանք երբեմն անտանելի են դառնում: Բայց այս մասնաճյուղում բողոքները հիմնական ոչ թե հերթերի, այլ՝ սպասարկման հետ էին կապված: Մասնակից եղանք, երկու կնոջ խոսակցությանն այն մասին, որ աշխատակիցներից մեկը իրենց սպասարկելիս «հազիվ էր պատասխանում հարցերին»  և «ոնց որ հաց կերած չլիներ տնաշենը»: Փորձի համար մենք ևս մոտեցանք տվյալ պատուհանին և մեր հարցերի մեծ մասը կցկտուր պատասխանների արժանացան: Հանուն արդարության, սակայն, պետք է ասենք, որ չնայած մեր հարցերի պատասխանները չստացանք, բայց ոչ էլ կոպիտ վերաբերմունքի արժանացանք, ինչի մասին խոսում էին երկու կանայք:

 


Արդշինինվեստբանկ, «Արաբկիր» մասնաճյուղ


Այս մասնաճյուղում ևս մթնոլորտը համեմատաբար հանգիստ էր: Հերթեր կային, բայց՝ ոչ այնքան, որքան «Կենտրոն» և «Տիգրան Մեծ» մասնաճյուղերում: Սակայն, այստեղ ևս մի քանի քաղաքացիներ բողոքեցին, որ նույն հարցի շուրջ այս մասնաճյուղում մի աշխատակիցը մի բան է ասում, հաջորդ օրը՝ նույն հարցի շուրջ մյուս աշխատակիցը այլ տեղեկություն է տալիս: Օրինակ՝ վարկ վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի առնչությամբ:

 

Արդշինինվեստբանկ, «Կասկադ» մասնաճյուղ


Այս մասնաճյուղում նույնպես մշտապես հերթեր են, աշխատակիցները բավականին դանդաղ են սպասարկում հաճախորդներին՝ փոխանցում կատարելու և վճարում կատարելու համար միջինում պահանջվում է 12-18 րոպե, որպեսզի սպասարկեն մի հաճախորդի, ինչը միանշանակ բավականին երկար ժամանակ է նման գործարքի համար: Աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը նույնպես կաղում է, քանզի հարցերին հիմնականում կցկտուր պատասխաններ են տալիս: Դրականն այն է, որ բարեհամբույր են հաճախորդների նկատմամբ:

 

Արդշինինվեստբանկ, «Աբովյան» մասնաճյուղ


Այս մասնաճյուղում բավականին դրական են տրամադրված հաճախորդների նկատմամբ, չնայած կա նաև որոշակի անուշադրություն՝ կապված տերմինալով գործարքների հետ, երբ տերմինալից օգտվել չիմացող մարդը պետք է հարցուփորձ անի, որ իմանա, թե ում պետք է դիմի օգնության համար:

 

 

 

 

«Անալիտիկ» կենտրոն

 

Նույն շարքից