Վերլուծական 

Սպառնալիքներ և հանցագործությունների բացահայտումներ հենց դատարանի դահլիճում. Ինչո՞ւ են բոլորը լռում

Հոկտեմբերի 14-ին Արարատի և Վայոց Ձորի Մարզերի առաջին ատյանի դատարանում կայացած դատական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր` Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) մեղմ ասած,  իրեն պահեց ոչ միայն պատգամավորին ոչ վայել, այլև ուղղակի բացահայտորեն խախտեց քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տվեց հաղորդումներ հանցագործությունների մասին, խոստովանեց նախկինում իր կողմից կատարած հանցագործությունները:

 

Այս ամենը կատարվեց ԶԼՄ-ների,մեղադրող դատախազի,դատավորի ,երկու փաստաբանների, և լեփ լեցուն դահլիճի ներկայությամբ, սակայն մնաց անարձագանք: Տեսնելով, որ իր անպատժելիությունը սահմաններ չունի՝ Կարո Կարապետյանն ուղղակի թքած ունեցավ ՀՀ Քրեական և ՀՀ Քրեական Դատավարության օրենսգրքերի վրա:

 

Նիստը նախագահող դատավոր Թաթուլ Պողոսյանը մի թույլ փորձ արեց Կարո Կարապետյանին գոնե մի փոքր հանդարտեցնելու համար, սակայն ԱԺ պատգամավորը հետևյալ կերպ արձագանքեց՝ Հարգելի դատարան, դուք ինձ խանգարում եք, չեք թողնում խոսել, ընդհատում եք… կիրառում ես կիրառի,կիրառողները քիչ էին,մեկն էլ հայտնվեց…

 

Նման հոխորտանքներով լցված պատասխաններից հետո նիստը նախագահող դատավորն ուղղակի որոշեց հին անեկդոտի նման ուղղակի թուլանալ և ՛՛հաճույք ստանալ՛՛:

 

Մեղադրող դատախազ Բիշարյանն ընդհանրապես տեղում չէր կամ չէր ուզում լինել, այնպիսի տպավորություն էր, որ նա ընդհանրապես կորցրել է լսելու, տեսնելու, խոսելու ընդունակությունը ընդհանրապես, լուռ էին նաև երկու փաստաբանները`Կարո Կարապետյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանը և Ա.Զադոյանի պաշտպան Սուսաննա Սարգսյանը: Եթե մի պահ պատկերացնենք,որ Սուսաննա Սարգսյանի կողմից դա կարող է ռազմավարություն լինել, ապա դատավարության մյուս մասնակիցների կողմից լռությունը շատ նման էր անզորությունից թուլանալուն և ստիպողաբար հաճույք ստանալուն:

 

Այսպես փորձենք Կարո Կարապետյանի և նրա վարորդ Օնիկ Հովհաննիսյանի կողմից դատական նիստի ընթացքում կատարած արարքները համադրել ՀՀ օրենսդրության հետ:

 

1.ՀՀ Քրեական օրենսգրքի ` 343 հոդվածը հստակ նշում է`

 

Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը

 

1. Ուժը կորցրած է ճանաչվել:

 

2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝

 

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:

 

3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝

 

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

 

 

Ամբողջ դատական նիստը ընթացել է Կարո Կարապետյանի, նրա վարորդ Օ.Հովհաննիսյանի և նրանց թիմակիցների կողմից ամբաստանյալ Ա.Զադոյանի հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, ուստի վստահաբար կարելի է նշել,որ խախտվել է ՀՀ.ՔՐ.Օր-ի 343 հոդվածը: Ապացուցելու համար բավական է նայել տեսաձայնագրությունները, հստակ երևում է նաև մեղադրող դատախազի անգործությունը և դատավոր Թ.Պողոսյանի անկարողությունը ՝ նիստը քրեական դատավարության նորմերին համապատասխան վարելու հարցում:

 

2.Կարո Կարապետյանն իր ցուցմունքում նշեց, որ դեռևս 1999 թ-ին, երբ նա եղել է ՀՀ Զինվորական դատախազի օգնական, տեղյակ է եղել, որ Ա.Զադոյանը զբաղվում է դեպի ՀՀ գողացված ավտոմեքենաների ներկրմամբ, հետո Զադոյանից իմացել է,որ նրա հանդեպ կատարվել է ավազակային հարձակում և ուղղակի օգնել է նրան:

 

Սակայն ՀՀ Քրեական օրենսգիրքը հստակ է սահմանում,որ եթե տեղյակ ես կատարվող կամ կատարված հանցագործության մասին,ապա պարտավոր ես հայտնել իրավապահ մարմիններին,առավել ևս եթե դու պաշտոնատար անձ ես՝ այն էլ Զինվորական դատախազի օգնական:

3.Կարո Կարապետյանն իր ցուցմունքում հստակ հայտնեց,որ դեպքի օրը,երբ ինքը գրկախառնված իջավ Զադոյանի հետ ավտոմեքենայից,ապա հրամայեց իր վարորդ Օնիկ Հովհաննիսյանին ''Սատկացնել'', սպանել Արթուր Զադոյանին, Օնիկ Հովհանիսյանն էլ իր ցուցմունքներում հաստատեց այդ հանգամանքը, ուղղակի նաև նշեց, որ քանի որ սարսափելի վախեցած էր, չկարողացավ կատարել շեֆի հրամանը: Ավելին՝ Կարո Կարապետյանը նաև նշեց, որ կրակեց Զադոյանի վրա, կպավ ոտքին և այդ առումով հայտնեց իր խորը ափսոսանքը, որ գլխին չի կպել և չի սատկացրել, սակայն վերջում նաև ավելացրեց, որ մեկա Զադոյանը չի ապրելու, սատկացնելու է՝ այսինքն սպանելու է:

 

Իրականում `դատական նիստի ժամանակ Կ.Կարապետյանը հստակ նշել է,որ իր կողմից կատարվել է սպանության փորձ,որը չի իրագործվել իր կամքից անկախ պայմաններով,ինչպես նաև իր ցուցմունքի վերջում հնչեցրել է մահվան սպառնալիք Ա.Զադոյանի նկատմամբ, ի դեպ նույն մահվան սպառնալիք տալու համար մեղադրանք է առաջադրվել Ա.Զադոյանին: Հավանական է, որ Զադոյանը չգիտի,որ մահվան սպառնալիք պետք չի հնչեցնել բաց դաշտում, քանզի կպատժվես, այլ պետք հրապարակավ հնչեցնել՝ Դատարանի դահլիճում, դատավորի,դատախազի, ԶԼՄ-ների ներկայությամբ, որպեսզի անպատիժ մնաս:

 

3.Կարո Կարապետյանի վարորդ Օնիկ Հովհանիսյանի կողմից դատարանում ցուցմունք տալու ժամանակ հարցերի մեծ մասին՝ ի դեպ դատավորի և մեղադրող դատախազի լուռ համաձայնությամբ, անարգել պատասխանում և ուղորդել էր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը, ինչը ՀՀ.Քր.Դատ օր-ի և ՀՀ.Քր.Օր-ի որոշ հոդվածների կոպիտ խախտում է:

 

4.Օնիկ Հովհանիսյանը դատական նիստի ժամանակ նշեց, ինչպես նաև ընդունեց,որ ինքը անօրինական կրել և կիրառել է հրազեն,ինչպես նաև Ա,Զադոյանի պաշտպան Ս.Սարգսյանի հարցին, թե կարող ենք հենց այդպես էլ ֆիքսել, հպարտորեն պատասխանեց՝ Այո,ֆիքսեք,ի՞նչ կա դրա մեջ որ:

 

Փաստորեն ՀՀ ԱԺ-ում կա պատգամավոր, ում վարորդի համար ապօրինի զենք կրելու մեջ ոչ միայն վատ բան չկա, այլ զարմանում էլ է, որ դա թույլատրված չէ: Զարմանալի է, որ այդ պատգամավորը ներկայացնում է մի կուսակցություն, որը բողոքում է երկրում տիրող անօրինակ վիճակից և ցանկանում է փոխել այն:

 

Վերլուծելով այս ամենը,կարծում ենք,որ եթե իրականում ՀՀ- ում պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ,և իշխանությունները գոնե մի քիչ ցանկանում են օրինական երկիր դարձնել մեր հայրենիքը,ապա`

 

1.Հսկող դատախազը` Կարո Կարապետյանի և Օնիկ Հովհաննիսյանի ցուցմունքները պետք է համարի հաղորդում հանցագործության մասին,ինչպես օրենքն է պահանջում,հարուցի քրեական գործ և կատարի մանրակրկիտ քննություն:Ինչպես նաև դատարանում քննվող գործը պետք է հետ պահանջի և կատարի լրացուցիչ քննություն, որովհետև ըստ այսօրվա տուժող Կ.Կարապետյանի,ինքը ցանկացել է սպանել Ա.Զադոյանին,և եթե մի պահ պատկերացնենք,որ Զադոյանի մոտ զենք է եղել,ապա ինքնապաշտպանվել փորձել է Զադոյանը,քանի որ Կ.Կարապետյանի կողմից վերջինիս սպանելու ակնհայտ դիտավորությունը ապացուցվում է հենց իր և Օ.Հովհաննիսյանի դատաքննության ժամանակ տված իրենց իսկ ցուցմունքներով:

 

2.Ինչ վերաբերում է դատավոր Թ.Պողոսյանին,ապա վերջինս սույն դատական վարույթից հետո ըստ տրամաբանության պետք է ինքնաբացարկ հայտնի, դատական նիստի ընթացքին չտիրապետելու հիմքով,իսկ նրա հետագա պաշտոնավարման հարցը պիտի լուծի ՀՀ Արդարադատության խորհուրդը, կամ գոնե թող որոշում կայացնի դատավարությունը փակ անցկացնելու մասին, որ այդ խայտառակությանը և իր անզորությանը հասարակությունն ականատես չլինի:

 

Հ.Գ. Այսքանից հետո մնում է միայն հարց ուղղել համապատասխան մարմիններին՝ ամեն ի՞նչ է հնարավոր այս երկրում փողով գնել, եթե այո, ապա գոնե գնացուցակ հրապարակվի, որ մարդիկ իմանան, որ դեպքում ինչքան են վճարում՝ այսպես ասած պատրաստ լինեն անել այնպիսի օրենքի խախտումներ, որոնց համար ունակ են վճարել: Եթե օրենքը չի վաճառվում, ապա սպասում ենք համապատասխան մարմինների կողմից պատասխան՝ Կարո Կարապետյանի կողմից թույլ տրված վերոնշյալ օրենքի կոպիտ խախտումներին: Լռությունը կնշանակի, որ ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ չի կարող զգալ այն կառույցում, որը կոչված է իր իսկ շահերը և իրավունքները պաշտպանելու համար՝ դատարանում: Այնտեղ նրան կարող են բացահայտ սպառնալ, որ կսպանեն, իսկ օրենքի պահապաններն էլ ուղղակի կլռեն: Ուշքի եկե՛ք, պարոնայք…





 

 

 

Նույն շարքից