Այսօր “Անալիտիկ” մամուլի ակումբում տեղի ունեցավ Արթուր Զադոյանի շահերի պաշտպան Սուսաննա Սարգսյանի մամուլի ասուլիսը: Փաստաբանը ներկայացրեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյան “Յուվեցի Կարո”-ն ըննդեմ Արթուր Զադոյանի վերսկսված նախաքննության և դատաքննության ժամանակ տեղի ունեցած և շարունակվող ապօրինությունները հանրությանը:
Բաց թողնենք հարցի իրավական կողմերը , բազմաթիվ լրատվական կայքեր արդեն իսկ անդրադարձել են դրանց: Փորձենք հարցին նայել այլ տեսանկյունից:
Գործի փաստական հանգամանքները, որոնք ներկայացրեց Փաստաբան Սուսաննա Սարգսյանը ակամայից ներկաներին տարավ դեպի Հնդկաստան, բայց ոչ Թաջ Մահալ, այլ “Բոլիվուդ” կինոընկերություն:
Իրոք,ակընհայտ է, ինչպես նշեց Ս.Սարգսյանը,որ առաջինը գրվել է սցենարը՝ մեղադրական եզրակացությունը,հետո նոր, ըստ սցենարի, փորձ է արվել նկարահանել քրեական գործի նյութերը և ապացույցները,և քանի որ սցենարը գիատաֆանտաստիկայի ժանրից է,բնականաբար ֆիլմն էլ ստացվել է “Բոլիվուդի” ոճով, և ամբողջ ֆիլմը “Բոլիվուդյան” երգերի փոխարեն հեղեղված է տեղական և արտասահմանյան ապրանքների քողարկված գովազդներով:
Այսպես՝
2009-ը թվական... հոկտեմբեր ամիս... մեր թվարկություն...
Ֆիլմի գլխավոր հերոս, “բարի” Կ.Կարապետյանը, որը մասնագիտությամբ ԱԺ Պատգամավոր է, որին ԱԺ-ում քնքշորեն անվանում են “Յուվեցի Կարո”, իր նվիրյալ Օնիկի հետ, իր “Մերսեդես” G տեսակի ավտոմեքենայով , ժողովրդի հոգսով մտահոգ ,160 կմ/ժ արագությամբ սլանում է մայրուղով, երբ տեսնում է “Չար” հերոս Ա.Զադոյանին: Հասկանալով, որ նա չար է և չի կարելի նրան թողնել մայրուղում,հիշում է մեկ ու կես տարի առաջ լսած մի արտահայտություն. “ Եթե մի զոհ պիտի լինի,ապա թող դա ես լինեմ” և հրամայում է Օնիկին կանգնեցնել ավտոմեքենան:
“Չար” հերոսը նասկու մեջ դրված ատրճանակով վազում է 15 մետր և նստում ավտոմեքենան: Նասկու վրա երևում է արտադրողի պիտակը.
Գովազդ... “Գարուն” արտադրական միավորում. Մեր նեյլոնի նասկիները պահում են ցանկացած ատրճանակ ցանկացած պատյանից էլ լավ:
Օնիկը, տեսնելով Ա,Զադոյանին,նայում է ավտոմեքենայի վահանակի վրա տեղադրած իր որդու նկարին, 100 տոկոս նմանություն, նույնը նկատում են և Զադոյանը և Կարապետյանը: “Չարը” հասկանալով, որ բացահայտվել է, բարձրացնում է ձեռքի լոմը, որ հարվածի Օնիկին,”Բարին” նկատելով դա գոռում է. “ Եթե մի զոհ պիտի լինի,ապա թող դա ես լինեմ” և քանի որ ԱԺ պատգամավոր է,ոչ թե կրծքով, այլ գլխով ծածկում է Օնիկին:
Հետևում է երեք հարված,լոմի վրա երևում է արտադրողի պիտակը.
Գովազդ... “Նիգ Մետալ” ընկերություն, մեր մետաղը չի ծռվում նույնիսկ Օրենսդիրի գլխին երրորդ հարվածից հետո:
“Բարին” վեր է ածվում “Սարդ Մարդու”: Անցնում է նստարանների միջև 10 սմ-անոց արանքից, ձեռքերով,ոտքերով,գլխով հարվածներ է հասցնում “Չարին”,կոտրում է նրա 5 կողերը, ջարդված կողերից երկուսը ծակում են “Չարի” թոքերը,վերջինիս մոտ սկսվում է ներքին արյունահոսություն: Ավտոմեքենան կանգնում է, Օնիկը զենքը ձեռքին բացում է ավտոմեքենայի հետևի դուռը, “Չարն” ու “Բարին” գրկախառնված իջնում են ավտոմեքենայից: Դռան վրա երևում է գովազդային վահանակը.
Գովազդ... Հարսանյաց սրահ “Յուվա”, մենք կսովորեցնենք նորապսակներին գրկախառնված միաժամանակ իջնել ավտոմեքենայի 48 սմ բացվածք ունեցող դռնից:
“Չարը” ետ է ընկրկում և հարվածում “Բարու” դեմքին, վերջինս ամբողջ թափով կպնում է ավտոմեքենայի դռանը,սակայն “ Բարու” դեմքին վնասվածքներ չեն մնում:
Գովազդ… “Մերսեդես” G դաս՝ մեր դռները չեն դեֆորմացվում անգամ Օրենսդիրի ծանրության տակ:
Գովազդ... “Ոստիկանական Ակադեմիա”՝ մենք կսովորոցնենք ձեզ առանց հետքերի հարվածել մարդու դեմքին: Դա ձեզ հետագայում կազատի մեծ պրոբլեմներից:
“Չարը” ետ է ընկրկում, հասկանում է, որ տանուլ է տվել, կողերը սարսափելի ցավում են ամեն մի շարժումից, ցավը դառնում է անտանելի, ցավին չդիմանալով փորձում է կռանալ: Օնիկը հասկանալով, որ եթե “Չարը” կռանա,ապա նրա ջարդված կողերը կվնասեն այլ ներքին օրգաններ նույնպես,որը կհանգեցնի անդառնալի հետևանքների,երկու անգամ կրակում է օդ՝ հրամայելով “Չարին” չկռանալ: Օնիկի ձեռքին կրակոցի հետքեր չեն մնում:
Գովազդ... Պարկուճներ “Պարաբելլում” 9-19՝ մեր պարկուճները կրակոցներից հետո ձեր ձեռքերին վառոդի հետքեր չեն թողնում:Դրանց բացակայությունը կրակոցից հետո ձեզ կազատի պրոբլեմներից:
Սակայն չարը չի հանդարտվում, փորձում է նորից կռանալ,”Բարին” չի կորցնում իրեն, վերցնում է Օնիկի ձեռքից ատրճանակը և մարդասիրությունից դրդված երկու կրակոցով,մեկը ձեռքին,մյուսը՝ ոտքին տապալում է “Չարին” գետնին՝ դրանով իսկ փրկելով նրա կյանքը:
Հակագովազդ... Պարկուճներ “Պարաբելլում” 9-19՝ մեր պարկուճները կրակոցներից հետո ձեր ձեռքերին վառոդի հետքեր թողնում են:Բայց մի հուսահատվեք, դրանց առկայությունը կրակոցից հետո ձեզ կազատի պրոբլեմներից ,եթե Դուք “բարի” եք,ԱԺ Պատգամավոր եք և ունեք եկամտաբեր բիզնես:
“Չարի” տապալվելուց հետո նրան է մոտենում Օնիկը, նասկու միջից հանում է ատրճանակը և նկատում նրա ոտքի վրայի խալը, նրա զարմացած հայացքը ուղղվում է դեպի “Բարու” կողմը, իջնում է ներքև և նրա ոտքին նույնպես տեսնում է նույն խալից: Նորից 100 տոկոս նմանություն:
Վերջ Առաջին Սերիային
Սցենարի հեղինակ ՀՀ Հատուկ Քննչական Ծառայություն
Գլխավոր Պրոդյուսեր ՀՀ Գլխավոր Դատախազություն
Գլխավոր Հովանավոր “Շահումյան Վին” ՍՊԸ
Կ. Մելքումյան