Օրերս հայտնի դարձավ, որ «Նաիրիտ» ՓԲԸ-ի հետ պայմանագիր կնքած աշխատակիցների պայմանագրերը փետրվարի 6-ից լուծարվելու են և շուրջ 500 հոգու հետ կնքվելու են նոր աշխատանքի պայմանագրեր: Այս վերջին նորությունը սառը ցնցուղի պես մի բան էր «նաիրիտցիների» համար, ովքեր դեռ հույս ունեին, որ, ի վերջո, ստանալու են իրենց կուտակված աշխատավարձը:
Որոշումը էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանինն է, որի դեմ ոչ ոք և ոչինչ ի զորու չէ:
Գործարանի աշխատակիցների կրճատման հանգամանքը և աշխատավարձի ծավալների նվազեցումը համբերության ամենավերջին կաթիլն էր, որը ոչ միայն խուճապի է մատնել վերջիններիս, այլև՝ դուրս հանել փողոց:
Երեկ Կառավարության «մատույցների» մոտ ցույց անող մարդկանց պահանջը մեկն էր` աշխատանքից հեռացման ծանուցագրեր չուղարկել իրենց, փակել ողջ տարվա կուտակված աշխատավարձը և թույլ տալ հանգիստ խղճով դիմավորել նոր տարին:
Հայաստանի կառավարությունն էլ գտել է այս խուճապային իրավիճակից դուրս գալու հնարը և խոստացել «փորձել հնարավորության սահմաններում օգտակար լինել», որպեսզի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարվեն: Այս մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է երեկ, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում. «Եվ մենք այս տարի վճարելու ենք, ինչպես հայտարարել է նաև էներգետիկայի նախարարը, նոյեմբերի և դեկտեմբերի աշխատավարձը»,- նշել է վարչապետը:
Analitik.am-ի հարցին` արդյոք «Նաիրիտի» բոլոր աշխատակցիներին են ուղարկվում այդ ծանուցագրերը, թե՞ կան մարդիկ, այդ թվում լավ մասնագետներ, ում նկատմամբ բացառություներ կլինեն, «Նաիրիտ» ՓԲԸ-ի մամուլի ծառայության բաժնի պետ Անուշ Հարությունյանը պատասխանեց.«Կրճատման ծանուցագրեր են ուղարկվում առանց բացառության` սկսած հավաքարարից: Նույնիսկ գործարանի արտադրամասերի պետերն ու տնօրենն են ստացել»,-ասաց Ա.Հարությունյանը` հավելելով, որ մոտ 400-500-ի հետ նորից պայմնագրեր են կնքվելու: Հարցին, թե ի՞նչ նպատակով է կրկին պայմանագրեր կնքվում, ասաց, քանի որ գործարանը մեծ գործարան է, այն չի կարող միանգամից զրկվել բոլոր աշխատակիցներից և մնալ ձեռնունայն: «130 պահակակետ ունենք, նույնքան էլ պահակներ: Առանց պահակի բնական է, չենք կարող մնալ, շատ արտադրամասեր ունենք, որոնք մշտական վերահսկման տակ պետք է լինեն, անուշադրության չեն կարող թողնվել»:
Տեղեկացանք նաև, որ 400 հազար դրամից բարձր վարձատրվող 178 հոգու աշխատավարձերը կրճատվելու է մի քանի անգամ: Թեև աշխատավարձի ընդհանուր պարտքը մոտավորապես 15 մլն դոլար է, սակայն Անուշ Հարությունյանը նշեց, որ դոլարի արտարժույթի բարձրացման հետ այն բնականաբար կդառնա 13 մլն :
Հասմիկ Մովսիսյան