Ամեն տարի ՀՀ բնապահպանության նախարարությունը հրաման է ստորագրում Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Ըստ հրամանի՝ հատկապես ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում, դադարեցվում է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը: Այլ հարց է, թե ինչպես են հրամանն ի կատար ածում տեղանքի բնակիչները, որոնց համար ձկնաորսությունը, վաղուց արդեն, ապրուստի միջոց է դարձել:
Գեղարքունիքի Գավառի քաղաքապետարանի Analitik.am- ի աղբյուրները փոխանցում են, որ երեկ, մարզպետարանում, ՀՀ բնապահապանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել «Սևանա լճում և լիճ թափվող գետերում այս տարվա դեյկտեմբերի 8-ից 25-ը բոլոր ձկնատեսակների և խեցգետնի որսն արգելելու մասին» թեմայով քննարկում, որին մասնակցել են Սևանա լճի տարածքային ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաները:
Նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ նշված ժամանակահատվածում «Սևան» ազգային պարկի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային և տարածքային ստորաբաժանումների և Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ ուժերով՝ Սևանա լճից դուրս են բերվելու բոլոր որսացանցերն ու լողամիջոցները, լճի ափերից՝ շարժական տնակները, շուրջօրյա հսկողություն է սահմանվելու լճի վրա, շուկաներում կամ այլ վաճառակետերում, պահակակետեր են ստեղծվում ինչպես մայրուղիների առանձին հատվածներում, այնպես էլ՝ լիճ տանող ճանապարհներին և գետային ավազաններում:
«Քննարկման բոլոր մասնակիցները քաջ գիտակցում են՝ ինչի համար են հավաքվել և ինչ է պահանջվում իրենցից: Ծրագրով նախատեսված միջոցառումների բարեհաջող ընթացքը կախված է նրանցից յուրաքանչյուրից, ուստի պետք է գիտակցել բոլոր պատասխանատվությունը»,-ասել է նախարար Արամայիս Գրիգորյանը: Նա հայտնել է, որ դեկտեմբերի վերջին սկսվում է սիգի և իշխանի ձվադրման շրջանը և իրենք պարտավոր են յուրաքանչյուր որսագողի հեռու պահել որս անելուց, նպաստել բնական ճանապարհով լճում ձկան պաշարների վերարտադրությանը:
Հ.Գ. Հույս ունենք, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կգիտակցի հարցի լրջությունը և չի զբաղվի որսագողությամբ, որն էլ, անշուշտ, դրական արդյունքների կհանգեցնի:
Հասմիկ Մովսիսյան